ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵՆԲ փորձագետներին
15 / 12 / 2011
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փորձագետներին` պատվիրակության ղեկավար Ջորջիա Կուցիանայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բագրատաշեն, Գոգավան և Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանալու է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:
Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու կարևոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի և անհրաժեշտ շինարարական աշխատանքերի նախագծի մշակումը: 2012թ. սկզբին նախատեսվում է արդեն մեկնարկել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի երեք անցակետերի շինարարական և տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները` ԵՄ “Դեղին գրքի” ժամանակակից պահանջներին համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվել և հստակեցվել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացի այս փուլում փաստաթղթային ձևակերպումներն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` ծրագրի իրականացման արդեն իսկ որոշված ժամանակացույցի համաձայն: