Մշակվել է ՀՀ-ԵՄ համագործակցության 2012-2013թթ. ծրագիրը
14 / 12 / 2011
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդի ութերորդ նիստը:
Խորհրդի հերթական նիստին մասնակցում էին համապատասխան աշխատանքներում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները, ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատուները, ԵՄ անդամ երկրների դեսպանները, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների ղեկավար կազմը:
Բացման խոսքում շնորհավորելով դեսպան Տրայան Հրիեստեային Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նրա առաքելությունը կլինի արդյունավետ և նորանշանակ ղեկավարը նոր որակներ կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցությանը` շարունակելով լավ ավանդույթները:
“Ես կարծում եմ, որ Հայաստանը Արևելյան գործընկերության այն ակտիվ երկրներից է, որտեղ բարեփոխումները նախանշված ուղղություններով և ժամանակացույցով առաջ են ընթանում: Հայաստանի համար ընդունելի է “ավելին ավելիի դիմաց” ԵՄ հռչակած կարգախոսը”,- ասել է Արթուր Բաղդասարյանը և ընդգծել, որ հաջողությամբ ավարտվում է ՀՀ-ԵՄ համագործակցության 2009-2011թթ. ծրագիրը և արդեն պատրաստ է ԵՄԽԽ-ի հետ համատեղ մշակված 2012-2013թթ. ծրագիրը: Ծրագիրն արդեն ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին և նախատեսվում է արդեն 2012թ. սկզբին այն քննարկել ԱԱԽ նիստում և ներկայացնել Հանրապետության Նախագահի վավերացմանը:
ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան շնորհակալություն է հայտնել նիստը համանախագահելու և Հայաստանում ԵՄ-ի հատուկ նախաձեռնություններից մեկի` ԵՄԽԽ-ի գործունեության քննարկմանը մասնակցելու հրավերի համար և վերահաստատել իր պատրաստակամությունը ըստ ամենայնի նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: “Պատիվ եմ համարում ղեկավարելու ԵՄ պատվիրակությունը Հայաստանում` հաշվի առնելով այն լուրջ դրական զարգացումները, որոնք առկա են ՀՀ-ԵՄ հարաբերություններում”,- ասել է դեսպանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը իրենց խոսքում բարձր են գնահատել Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքը:
ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անթի Հարթիկայնեն ներկայացրել է խմբի գործունեության 2011թ. վերջին եռամսյակի հաշվետվությունը և 2012թ. առաջին եռամսյակի աշխատանքային ծրագիրը: