Քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության առաջիկա ծրագրերը
17 / 11 / 2011
Նոյեմբերի 16-18 ը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակ ների նախարար Ա.Երիցյանը:
Կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել գործողությունների ծրագիր 2012-2013թթ. համար` փոխգործակցության խորացմանն ուղղված միջոցառումների ցանկով և ժամանակացույցով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժամանակակից մոտեցումների հիման վրա առկա համաձայնագրերի լրամշակման և իրավապայմանագրային դաշտի համապատասխանեցման հարցերը:
Այնուհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում հայաստանյան պատվիրակության, ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ ստորաբաժանումների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել “Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում” թեմայով կլոր սեղան-քննարկում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով և բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը` ընդգծելով Հայաստան-ՀԱՊԿ ակտիվ փոխգործակցության կարևորությունը:
Իր զեկույցում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ամփոփ կերպով ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված աշխատանքները և ապագայի ծրագրերը: Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են նաև 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստմանն առնչվող հարցեր:
Կլոր սեղանի ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը, որն անդրադարձել է արտակարգ իրավիճակների գծով Հայաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող աշխատանքներին և այս ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարներին: