Ստորագրվել է Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվելիք համատեղ միջոցառումների 2012թ. ծրագիրը
25 / 11 / 2011
Այսօր ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել են նախորդ` մոսկովյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործմանն ուղղված, ՀԱՊԿ շրջանակներում իրականացվելիք միջոցառումների 2012թ. ծրագիրը, որին հետևել է համատեղ մամուլի ասուլիս:
Իր խոսքում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առավելապես արդյունավետ և հաջողված է համարել Արթուր Բաղդասարյանի նախորդ այցելությունը Մոսկվա, որի ընթացքում էլ ավելի են ամրապնդվել ՀՀ և ՌԴ Ազգային անվտանգության խորհուրդների միջև առկա սերտ կապերը, իսկ ՀԱՊԿ շրջանակներում հանդիպումները հնարավորություն են ընձեռել անդրադառնալ համագործակցությանը վերաբերող տարաբնույթ հարցերի լայն շրջանակի, այդ թվում` ռազմատնտեսական համագործակցությանը, համատեղ ձեռնարկությունների հիմնմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վերապատրաստմանն առնչվող հարցերի: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն իր գոհունակությունն է հայտնել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից առաջ քաշված համագործակցության արդյունավետության խթանմանն ուղղված պարբերական աշխատանքային հանդիպումների կազմակերպման ձևաչափի կապակցությամբ:
Անդրադառնալով համագործակցության ծրագրին` ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը նշել է. “Համագործակցության ծրագրում տեղ գտած մի շարք միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա առավել արդյունավետորեն օգտագործել ՀԱՊԿ-ի ներուժը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ”:
Ընդգծելով ստորագրված փաստաթղթի կարևորությունը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. “Մենք 2012թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, համաձայն ստորագրված փաստաթղթի, կիրականացնենք 15 միջոցառումներ Երևան քաղաքում և Մոսկվայում”: Փաստաթղթում նախանշված միջոցառումները վերաբերում են ամենատարբեր բնագավառների, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցությանը, սահմանային և տեղեկատվական անվտանգության ոլորտներին, ինչպես նաև 2012թ. Հայաստանի տարածքում կազմակերպվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության կազմակերպման խնդիրներին: Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների շարքում 2012թ. ՀՀ ԱԱԽ աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվեն երկկողմ քննարկումներ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի “Կանալ”, անօրինական միգրացիայի դեմ պայքարի “Նելեգալ”, տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված “Պրոկսի” միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Ռազմատնտեսական համագործակցության շրջանակներում կքննարկվեն համատեղ ձեռնարկությունների հիմնմանը և միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսներին Հայաստանի Հանրապետության մասնակցությանն առնչվող հարցեր: