2012թ. Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները
13 / 10 / 2011
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2011թ. օգոստոսի 12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Այդ նպատակով երեք սեկցիոն նիստերով հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կազմակերպվելու են անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների տեղակալների խորհրդատվություններ և քննարկումներ` ըստ գործունեության ուղղությունների:
Կողմերը քննարկել են նաև ս.թ. հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի Հանրապետությունում կայացած` ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները: Նիստի ընթացքում քննարկվել են միջպետական ռազմատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբեր ամսին Երևանում կազմակերպել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով աշխատաժողով:
Քննարկվել են նաև 2012թ. Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության կազմակերպմանն առնչվող հարցեր: Վ. Սեմերիկովը նշել է, ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել հայկական կողմին զորավարժության կազմակերպման ընթացքում` անհրաժեշտության դեպքում նաև Հայաստան գործուղելով համապատասխան աշխատակիցների: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող բոլոր բաղադրիչների` ռազմական կոնտինգենտների, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների լիարժեք ներգրավման անհրաժեշտության կարևորությունը` զորավարժության նախապատրաստման աշխատանքներին առավել արդյունավետ ընթացք հաղորդելու նպատակով: Զորավարժությունն ընդգրկված է 2012թ. աշխատանքային պլաններում և կազմակերպվելու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: