ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը նոր թափ է ստանում
10 / 10 / 2011
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. “Անցած երրորդ եռամսյակի ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել բավականին լուրջ իրադարձություններ: Նախ և առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը Ղազախստանում: Տեղի ունեցավ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, արտաքին գործերի նախարարների կոմիտեի և պաշտպանության նախարարների կոմիտեի նիստերը, որտեղ ընդունվեցին կարևոր որոշումներ, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը: Առաջին` նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում որոշում է ընդունվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, և այսուհետև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելոռուսի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջև ռազմական և քաղաքական համագործակցությունը էլ ավելի է սերտանալու այս կանոնադրական փոփոխությունների արդյունքում, որոնց շուրջ ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Երկրորդ` այսօր մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվի շուրջ քսան հազար հոգանոց օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող վտանգների դեպքում: Երրորդ կարևոր իրադարձությունն այն է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշում է կայացվել ստեղծել խաղաղապահ ուժեր: Մենք այսօր կարող ենք ասել, որ մոտ երեք հազար հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումներ կստեղծվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը նույնպես կարևոր նշանակություն ունի: Դրական ենք համարում նաև ռազմատեխնիկական համագործակցության խորացումը ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակներում, և մեր ռազմաքաղաքական դաշինքը կարծես ավելի միս ու արյուն է ստանում այս ընդունված որոշումների արդյունքում”:
Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2011թ. 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանը և ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: