ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Անն Գանզերին
29 / 07 / 2011
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միջազգային անվտանգության և զենքերի չտարածման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Անն Գանզերին:
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակը և ընդգծել են հետագա համագործակցության խորացման կարևորությունը:
Անն Գանզերը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանում սահմանային անվտանգության զարգացման ոլորտում իրականացված քայլերը, ողջունել է սահմանների կառավարմանը և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը` ընդգծելով ոլորտի կարևորությունը զենքերի ապօրինի տարածման դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համատեքստում:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին երկու տարում սահմանների կառավարման ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել` հաստատվել է սահմանային անվտանգության ռազմավարությունը, ընդունվել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր և ընթացքի մեջ է համապատասխան գործողությունների ծրագրի իրականացումը` ԵՄ ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ և ՄԱԶԾ-ի աջակցությամբ` որպես իրականացնող գործընկեր: Արթուր Բաղդասարյանը կարևորել է նաև ԱՄՆ-ի դերն այս գործընթացներում` տեխնիկական աջակցության տեսքով, ինչը մեծապես կնպաստի լավագույն արդյունք ստանալու նպատակի կենսագործմանը:
Անն Գանզերը պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում համագործակցության նոր եզրեր գտնելու նպատակով մոտ ապագայում քննարկել աջակցության հնարավոր տարբերակները:
Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին: Կարևորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ ապագայում դրանք արդյունքների կհանգեցնեն` Թուրքիայի կողմից կառուցողական դիրքորոշման դրսևորման պարագայում: