Մամլո հաղորդագրություններ

release

Քննարկվել են Հայաստան-ՄԱԿ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

15 / 07 / 2011

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան:
Տիկին Ուդովիցկին իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-ՄԱԿ գործընկերային հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել քննարկումներ ծավալել հետագա համագործակցության այլ ոլորտներ նախանշելու նպատակով:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստանում Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում ընթացող բարեփոխումների համատեքստում ՄԱԶԾ-ի` որպես վստահելի գործընկերոջ կարևոր դերը տարբեր ոլորտներում բարեփոխումային հայեցակարգերի և ռազմավարությունների մշակման, ինչպես նաև դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման գործում` որպես օրինակ առանձնացնելով մարդու իրավունքների ազգային ծրագիրը, գենդերային հավասարության հայեցակարգը, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման ծրագիրը:
Քննարկվել է Վարշավայում հոկտեմբեր ամսին կայանալիք Արևելյան Գործընկերության երկրների գագաթաժողովից հետո Հայաստանում ՄԱԶԾ-ի, ԵՄ անդամ երկրների և այլ դոնորների մասնակցությամբ միջազգային համաժողովի կազմակերպման հարցը` համատեղ կատարած աշխատանքի լուսաբանման և նոր գործընկերների և համախոհների որոնման նպատակով: