ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ջեյմս Ապատուրային
29 / 06 / 2011
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում և ԿենտրոնականԱսիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը:
Կողմերը երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է և անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իր նախագահությամբ և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավվածությամբ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի շրջանակներում ակտիվորեն գործում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, որը պարբերաբար անցկացվող հանդիպումների և քննարկումների միջոցով համակարգում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը: Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել հարաբերությունների առկա մակարդակի վերաբերյալ` միևնույն ժամանակ ընդգծելով մի շարք կոնկրետ ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Մասնավորապես Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է արտակարգ իրավիճակների ոլորտը, որտեղ իրականացվող բարեփոխումների շրջանակներում կառավարության որոշմամբ ստեղծվել է ճգնաժամերի կառավարման կենտրոն, ինչպես նաև նախատեսվում է ներդնել եվրոպական 211 կամ ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ: Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցության խորացումը` փորձագիտական և տեխնիկական աջակցության տեսքով, ինչը կնպաստի այդ համակարգերի հետագա գործունեության արդյունավետության խթանմանը:
Ի լրումն վերոնշյալի, Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մշակվել և արդյունավետորեն իրականացվում է ոստիկանական ոլորտի բարեփոխումների ծրագիր Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, սակայն առկա են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություններ ոլորտի որոշակի կոնկրետ ուղղություններով` կիբեր ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով: Նա նշել է, որ միջազգային փորձագետների նկատառումների հաշվառմամբ արդեն իսկ մշակվել է կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր:
Բարձրաստիճան հյուրն արտահայտել է իր գոհունակությունը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ` կարևորելով հանդիպման ընթացքում համագործակցության խորացմանն ուղղված կոնկրետ ուղղությունների նախանշումը: Նա պարտավորվել է հանդիպումից անմիջապես հետո հանձնարարականներ ներկայացնել արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերով պատասխանատու ստորաբաժանումներին` մշակել համագործակցության կոնկրետ մեխանիզմներ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության իրականացման վերաբերյալ: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի` կիբեր անվտանգությանը վերաբերող մոտեցումները և այս ասպարեզում գործընկերների հետ հետագա փոխգործակցության հարցերը կարևոր նշանակություն ունեն:
Տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում Արթուր Բաղդասարյանը, անընդունելի և ոչ կառուցողական համարելով Ադրբեջանի դիրքորոշումը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` նշելով, որ Հայաստանը, անընդունելի համարելով ռազմական ճանապարհը, միանշանակ կողմ է բանակցային ուղով և փոխընդունելի փոխզիջումների միջոցով խնդրի հանգուցալուծմանը:
Չնայած պատմական անցյալին` Հայաստանն իր մեջ ուժ գտավ նստելու բանակցային սեղանի շուրջ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով, այնինչ Թուրքիան շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը` սառեցնելով հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված արձանագրությունների վավերացումը: Ավելին, Հայաստան-Թուրքիա գործուն երկաթգծի առկայության պայմաններում մեր հարևան երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան` Հայաստանը շրջանցող մեկ այլ երկաթգծի շինարարության մեջ, ինչը վերը նշվածի վառ ապացույց է: Այնուամենայնիվ, գերակա համարելով տարածաշրջանային խաղաղությունը և հարաբերությունների նորմալացումը հարևանների հետ` Հայաստանը հավատարիմ է մնում է իր կառուցողական մոտեցումներին և բաց իր հայտարարություններում:
ԱԱԽ մամուլի գրասենյակ