Հայաստանում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման գործընթացը կբարելավվի
16 / 03 / 2011
2010 թվականի աշնանային զորակոչի նախապատրաստման եւ անցկացման դիտարկման արդյունքները քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դիտարկումն, ըստ ԱԱԽ գործունեության 2011 թվականի տարեկան ծրագրի, իրականացրել է անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված խնդիրները Ազգային անվտանգության խորհրդում քննարկելը: Հանրապետության նախագահի կարգադրությամբ անվտանգության խորհրդում քննարկված հարցերը ձեւակերպվել են որպես հանձնարարականներ պետական կառավարման մարմիններին, ինչին հետեւել են կառավարության համապատասխան որոշումերը: Արդյունքում` էական բարելավումներ են գրանցվել զորակոչի նախապատրաստման եւ անցկացման գործընթացում: Միաժամանակ` դեռ կան մի շարք խնդիրներ, որոնց վերացման ուղղությամբ պետք է աշխատել:
<<Դիտարկումների արդյունքում արձանագրվել են ե´ւ բարելավումներ, ե´ւ թերություններ: Մասնավորապես` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետք է խստացնել հսկողությունը բժշկական հանձնաժողովների գործունեության նկատմամաբ` վերացնելու կաշառքով կամ ծանոթ-բարեկամով բանակից ազատվելու արատավոր գործելակերպը, քննարկել զորակոչիկների բժշկական փորձաքննություն անցկացնելու մասնագիտական համալիր կենտրոնի ստեղծման հարցը, այս աշխատանքներում ներգրավել մարզային պոլիկլինիկաները եւ բուժծառայությունները: Մեր իրավապահ մարմինները եւս պետք է խստացնեն հսկողությունը զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամաբ: Նաեւ` անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը, խորացնել համագործակցությունը տեղական եւ կենտրոնական իշխանության մարմինների միջեւ: Այս ոլորտում մեր դիտարկումները պարբերական են լինելու, եւ հուսով եմ` մեր համատեղ աշխատանքի արդյունքում էական բարելավումներ կարձանագրվեն>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Սեյրան Օհանյանը փաստել է, որ զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման հետ մեկտեղ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը մնում է կարեւորագույն ուղղություններից մեկը. <<Տարեցտարի այդ ուղղությամբ բավական լուրջ աշխատանք ենք կատարում, եւ այսօր կարելի է արձանագրել, որ գործընթացը բարելավվում է, ուստիեւ բարձրացել է նաեւ զորակոչի անցկացման գործընթացի նկատմամբ բնակչության վստահությունը: Ձեռք բերված արդյունքների հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ զորակոչի անցկացման ընթացքում կան նաեւ բացթողումներ ու թերություններ, որոնց վերացման ուղղությամբ պետք է համատեղ աշխատենք: Հանրապետության նախագահի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից իրականացվող վերահսկողությունը մեծ աջակցություն է մեզ` մեր պարտականությունների կատարման գործում>>:
Խորհրդակցության ընթացքում արձանագրվել են այդ ոլորտում ներգրավված գերատեսչությունների անելիքները, եւ սահմանվել է դրանց կատարման ժամանակացույցը: