Մամլո հաղորդագրություններ

release

Սահուն անցում անվտանգ սահմանով. Նոր ռազմավարության իրականացումը կապահովի այս կարգախոսը

27 / 09 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի` սեպտեմբերի 25-ին կայացած նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել <<Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը>>:

Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նրա գնահատմամբ` փաստաթղթի ընդունումը խիստ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման, պետական սահմանի կառավարման համակարգի բարելավման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, նոր տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ներդրման առումով. <<Ռազմավարությունը մշակվել է` ներգրավելով Հայաստանի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներուժը, փաստաթուղթն անցել է միջազգային փորձաքննություն, հաշվի ենք առել ՄԱԿ-ի, Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան փորձագետների առաջարկություններն ու նկատառումները: Վստահ եմ` ռազմավարության ընդունումը հնարավորություն կտա որակական նոր մակարդակի բարձրացնել այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Ռազմավարության հիմնական կարգախոսն է` սահուն անցում անվտանգ սահմանով: Այսօր պետական սահմանի համալիր կառավարման գործում ներգրավված են սահմանապահ ծառայությունները, ոստիկանությունը, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, մաքսային ծառայությունը, եւ անհրաժեշտություն կար մի կողմից` վերլուծել նրանցից յուրաքանչյուրի գործառույթներն այս գործընթացում, մյուս կողմից` ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, որը հնարավորություն կտա առանց ավելորդ քաշքշուկի ապահովել մեր քաղաքացիների, Հայաստան այցելող անձանց եւ տրանսպորտային միջոցների ու բեռների տեղափոխումը>>:
Փաստաթուղթն առանցքային նշանակություն ունի նաեւ սահմանային անվտանգության ապահովման առումով, մանրակրկիտ վերլուծված են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի հետ կապված բոլոր խնդիրները, հնարավոր վտանգներն ու մարտահրավերները, նախանշված են դրանց հաղթահարման ուղիները միջազգային փորձին համապատասխան:
<<Եվրամիության հետ համագործակցության արդյունքում այս տարի կսկսվեն Բագրատաշենի սահմանային անցակետի տեխնիկակական վերազինման աշխատանքները, ինչպես նաեւ` կմշակվի պետական սահմանի բոլոր օղակներում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման լուրջ ծրագիր: Տարեվերջին թերեւս կկարողանանք սկսել կոնկրետ ֆինանսավորվող միջոցառումների իրականացումն առկա խնդիրները փուլային հերթականությամբ լուծելու համար>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ նիստում հանրապետության նախագահը կառավարությանը հանձնարարել է եռամսյա ժամկետում մշակել ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր եւ դրա իրականացման ժամանակացույցը:
Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ վերջին ամիսներին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի համագործակցության խորացմանն առնչվող հարցերի. <<Հայաստանում ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ՀԱՊԿ շրջանակում ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի ձեւավորմանը: ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի ընթացքում թերեւս կընդունվի համապատասխան փաստաթղթերի փաթեթը, եւ հնարավորություն կունենանք ճգնաժամային, պատերազմական իրավիճակներում, առհասարակ` վտանգ պարունակող ցանկացած դրսեւորումների ժամանակ օգտագործել կազմակերպության անդամ երկրների ներուժը>>:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը: ՌԴ նախագահի այցի շրջանակում Հայաստանում ռազմաարդյունաբերության համալիրի զարգացմանն ուղղված մի շարք կարեւոր փաստաթղթերի ստորագրմանը կհետեւի համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ձեռնարկությունների հետ: Ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը կխորացվի նաեւ ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ:
Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ այսուհետ www.nsc.am հասցեով կգործի Ազգային անվտանգության խորհրդի եւ նրա աշխատակազմի կայք էջը: