Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանի սեյսմիկ անվտանգության մակարդակը կբարելավվի

17 / 07 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին տեղեկացրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Կովկասյան տարածաշրջանը, այդ թվում` Հայաստանը, գտնվում է սեյսմիկ ակտիվգոտում: Միայն 20-րդ դարում Հայաստանում տեղի է ունեցել 8-10 բալ ուժգնությամբչորս երկրաշարժ: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքովզոհվել է շուրջ 25 հազար մարդ, 15 հազարը դարձել են հաշմանդամ, 500 հազարն անօթեւան են մնացել, երկրին պատճառված վնասը կազմել է մոտ 12 միլիարդ ԱՄՆդոլար: Այս իրողությունները հաշվի առնելով` ձեւավորվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, որում ներգրավվածէին շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները:
<<Այս փաստաթղթի` հավանության արժանանալը չափազանց կարեւոր է, քանի որ արդեն կկարողանանք ձեռնամուխ լինել Հայաստանի սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը եւ մեր երկրի սեյսմիկ անվտանգության մակարդակի բարելավմանը: Նախատեսվում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ պետական հատուկ նպատակային ծրագրերի մշակում, որոնց նպատակն է լինելու արդիկանացնել մեր սեյսմիկ ենթակառուցվածքները, բարձրացնել Հայաստանի սեյսմիկ անվտանգության մակարդակը: Այսօր մեր երկրում կան շուրջ 150 դիտացանցեր, որոնք տեխնիկական արդիականացման, վերազինման կարիք ունեն:Միայն մայրաքաղաքում կան բազմաբնակարան շուրջ 3500 բնակելի շենքեր, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, եւ անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ կատարել` ճշտելու դրանց սեյսմակայունությունը, ձեռնարկելու համալիր միջոցառումներ, որպեսզի բարձրացվի այդ շենքերի սեյսմակայունության մակարդակը: Այսօր արդեն որոշ քայլեր իրականացվում են, բայց այս ամենը լինելու է պետական վերահսկողության ներքո: Հայեցակարգի հաստատումից հետո կառավարությունը կմշակի գործողությունների հստակ ժամանակացույց, միջոցառումների ծրագիր, որից հետո մենք հնարավորություն կունենանք այս ոլորտում բարելավումներ արձանագրել: Հայեցակարգի նպատակն է` հասնել նրան, որ մենք ոչ թե աղետից հետո մտածենք` ինչպես վարվել, այլ` ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան կանխարգելիչ համակարգ ներդնենք, որպեսզի հաշվառվեն վտանգի կանխարգելման հնարավոր բոլոր մեխանիզմները: Սա նշանակում է, որ հայեցակարգի հաստատումից հետո էապես կբարելավվի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների միջեւ համագործակցությունը, որի արդյունքում կունենանք աղետների կանխարգելման ճիշտ, ժամանակին եւ արդյունավետ գործող համակարգ>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Հայեցակարգի իրագործումը ենթադրում է օրենսդրական, ինստիտուցիոնալ, կառուցվածքային բարեփոխումներ այս ոլորտում: Արթուր Բաղդասարյանի խոսքով` պետական այս կարեւորագույն փաստաթղթի կենսագործումը առաջիկա մի քանի տարիներին հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի սեյսմիկ անվտանգության մակարդակը: