<<Պետք է մեր բոլոր հնարավորություններն օգտագործենք անվտանգության համակարգը լիարժեք զարգացնելու համար>> Ասում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը
25 / 06 / 2010
Ազգային անվտանգության խորհուրդն արդեն երկու տարեկան է, եւ այդ կապակցությամբ կայացել է անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ամփոփիչ ասուլիսը:
Նա նշել է, որ ԱԱԽ ուշադրության կենտրոնում են եղել մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման ուղղությամբ կարեւորագույն քայլերի, ծրագրերի, միջոցառումների ուսումնասիրությունը, համապատասխան ռազմավարական որոշումների ընդունումը, որոնք վերաբերել են երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը եւ ռազմավարական զարգացմանն առնչվող հարցերի. <<ԱԱԽ շրջանակում ստեղծվել են 6 միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնց վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է եւս 2-ը, որոնք կոչված են իրենց գործունեությամբ կարեւորագույն խնդիրներ լուծել: Դրանցից առաջինը Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրներն են, որոնց կապակցությամբ հունիսի 14-ին ես Մոսկվայում ստորագրել եմ մի արձանագրություն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, որի շրջանակում մենք ակտիվացնելու ենք ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ: Արդեն եղել են այդ երկրների եւ ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, եւ ես ուզում եմ ասել, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում տեղի կունենա 4 կարեւոր միջոցառում ՀԱՊԿ շրջանակում` ուղղված թե՜ անվտանգության միջավայրի բարելավմանը, թե՜ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը: Հաջորդ առանցքային խնդիրը վերաբերում է մեր երկրի սահմանների անառիկությանը եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Չափազանց կարեւոր է նաեւ անվտանգության խորհրդի դերը մեր պետական կառավարման համակարգում` պայմանավորված այն հանգամանքով, որ այս 2 տարվա ընթացքում ավելի քան 3500 գրություն է մուտքագրվել ԱԱԽ աշխատակազմ, եւ ըստ էության` Հայաստանում անվտանգության ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերը, որոնք ընդունվում են Հայաստանում, անցնում են լուրջ փորձաքննություն ԱԱԽ աշխատակազմում:
Այսօր գլոբալացվող աշխարհում, մրցակցող աշխարհում ազգերին եւ հասարակություններին հետաքրքրում են 3 հիմնական խնդիրներ, ա առաջինը մարդկանց առողջությունն է, անվտանգությունը, երրորդը` սոցիալական բարեկեցությունը: Մարդուն հետաքրքրում է հետեւյալը. առողջ լինել, անվտանգ ապրել եւ սոցիալական այն վիճակն ունենալ, որ հնարավորություն կտա իր աշխատանքով իր ընտանիքը պահել>>:
ԱԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
-ՀԱՊԿ շրջանակում Հայաստանը պատրաստվու±մ է Ղրղզստանին օգնություն ցուցաբերել:
-Այո՜: ՀԱՊԿ գործող նախագահ, ՌԴ նախագահ Մեդվեդեւի առաջարկով Մոսկվայում 1 շաբաթ առաջ տեղի ունեցավ անվտանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստ, քննարկվեց Ղրղզստանին աջակցություն ցուցաբերելու խնդիրը, եւ անվտանգության խորհրդի քարտուղարները հավանության արժանացրին այդ ծրագիրը, այնուհետեւ երկրների նախագահները ստորագրեցին մեր կողմից հավանության արժանացած փաստաթղթերի փաթեթը: Ընդունվել է որոշում` բաղկացած շուրջ 9 կետից, եւ Հայաստանը հավատարիմ է լինելու ստորագրված փաստաթղթի ոգուն եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ղրղզստանին: Այդ աջակցության մասին մենք հանրությանը կտեղեկացնենք առաջիկա օրերին: Ներկայում կատարվում են աջակցության տեսակի եւ ծավալների հետ կապված ուսումնասիրման աշխատանքներ:
- Հայաստանի սահմանների ընդհանուր վիճակն ինչպիսի±ն է: Խնդրում եմ նաեւ այդ համատեքստում գնահատեք ԼՂ սահմանին արձանագրված վերջին միջադեպը:
- Մենք գտնում ենք, որ սահմաները պետք է լինեն առավել անվտանգ, առավել անառիկ, եւ նաեւ` մեր սահմանային ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն: Իսկ մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք ունենք լրջագույն խնդիրներ, եւ այսօր ձեռնամուխ ենք եղել այդ խնդիրների լուծմանը, արդեն կա կատարած մեծ ծխավալի աշխատանք, եւ կունենանք լավ արդյունքներ արդեն ընթացիկ տարվա ավարտին: Մենք ունենք նաեւ մեր գործընկերների լիակատար աջակցությունը: Մի կողցմից` դա ՌԴ-ն է, մյուս կողմից` ԵՄ-ն, որոնք նույնպես ներգրավված են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում:
Ինչ վերաբերում է վերջին միջադեպին` ես ուզում եմ նշել, որ մենք լրջորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի ունեցավ, եւ ես այդ մասին ասացի նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ: Բոլորն էլ դատապարտում են այդ միջադեպը, այդ սադրանքը, որը տեղի ունեցավ, բայց ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, որ այդ միջադեպը կարողանա խոչընդոտ հանդիսանալ հետագա բանակցային գործընթացի շարունակության համար: Հայաստանը հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացի շարունակմանը, եւ մենք գտնում ենք, որ չպետք է տուրք տանք տարաբնույթ սադրանքներին, կազմակերպված դիվերսիոն գործողություններին, եւ նաեւ` անընդունելի ու դատապարտելի ենք համարում, երբ մի կողմից` բանակցում են, մյուս կողմից` նման սադրանքների են դիմում: Մենք բազմիցս ասել ենք, որ մեր զինված ուժերը գտնվում են բավարար մարտունակ վիճակում, Հայաստանում այսօր տեղի են ունենում պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայման բարեփոխումների լուրջ աշխատանքներ, եւ մենք մտածում ենք, որ մեր երկիրը պետք է հնարավորն անի ընդհանուր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, եւ նաեւ` խաղաղ-բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ: Այդ կապակցությամբ, վստահ եմ, որ դուք լսել եք ե՜ւ հանրապետության նախագահի, ե՜ւ պաշտպանության նախարարի ելույթները:
-ՆԱՏՕ-ի շրջանակում Հայաստանում կայանալիք զորավարժություններն ի±նչ խնդիր են լուծելու, եւ երկրորդ հարցս` որքա±ն հիմնավոր են պատերազմի վերսկսման մասին մտահոգությունները:
-Հայաստան-ՆԱՏՕ շրջանակում արտակարգ իրավիճակների ոլորտում լինելու են խոշոր զորավարժություններ այս տարվա աշնանը` <<Արմենիա-2010>>, որը պլանավորված միջոցառում է, իրականացվելու է արտակարգ իրավիճակների ոլորտում` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Հիշեցնեմ, որ մենք արդեն ունեցել ենք <<Ռուբեժ-2008>> խոշոր զորավարժությունները ՀԱՊԿ շրջանակում, իսկ սա արտակարգ իրավիճակների ոլորտում ՆԱՏՕ-ի հետ իրականացվող միջոցառում է:
Ինչ վերաբերում է հեռուն գնացող եզրակացություններին` ժողովրդական առածը չպետք է մոռանանք` եթե խաղաղություն ես ուզում, պատերազմին պատրաստ եղիր: Մենք այսօր պատրաստ ենք զարգացման ցանկացած սցենարի, բայց ես չեմ պաշտպանում մեր հասարակության մեջ տարածվող այն արհեստական ասեկոսեները, որ շուտով պատերազմ կլինի եւ այլն: Ընդհակառակը` անընդունելի են նման հայտարարությունները, ուղղակի` մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք բարդ տարածաշրջանում, ունենք չկարգավորված հակամարտություն, եւ սա նշանակում է, որ քանի դեռ տիրում է այս հարաբերական խաղաղության ժամանակաշրջանը, սա նշանակում է, որ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած ագրեսիայի դիմակայելու: Մեր քաղաքական ղեկավարության ջանքերն ուղղված են մեր տարածաշրջանում արժանապատիվ խաղաղություն հաստատելուն եւ ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծմանը, որը ենթադրում է երեք գործոնի առկայություն` ԼՂ կարգավիճակի ճշգրտում, որն ունի 2 բաղադրիչ, կամ` անկախ ԼՂ, կամ` Հայաստանի հետ վերամիավորված ԼՂ: Երկրորդ`ուղիղ ցամաքային կապ, այսինքն` միջնորդավորված կապի բացառում ԼՂ եւ Հայաստանի միջեւ, 3-րդ` անվտանգության համալիր միջոցառումների, երաշխիքնեի առկայություն: Ընդհանրապես` կյանքում երաշխիքներն ավելի քիչ են, քան հնարավորությունները:Սա նշանակում է, որ մենք պետք է մեր հնարավորություններն առավելագույնս օգտագործենք անվտանգության առավել ռեալ երաշխիքներ ունենալու համար, եւ վերջին միջադեպը ցույց տվեց այս պնդման հիմնավորվածությունը:
-Օտարալեզու դպրոցների բացումը չի± սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը:
- Մենք գտնում ենք, որ ինչքան օտար լեզվի դասավանդման որակը հանրակրթության մեջ բարձրացվի, այնքան շահելու են մեր երեխաները: Մենք չենք ընդունում այն պարզամիտ շահարկումները, որ օտար լեզվի ուսուցումը կատարվելու է մայրենիի հաշվին: Այսօր դուք այսօր չեք կարող տեսնել մի գերմանացու, որ խոսում է սոսկ գերմաներեն, նա փայլուն խոսում է գերմաներեն, բայց նաեւ` խոսում է անգլերեն, ֆրանսերեն: Մենք գտնում ենք, որ այս մոտեցումը պետք է իրականացվի: Ինչ վերաբերում է վերջին օրենսդրական նախաձեռնությանը, ապա արհեստական շահարկումներ եւ քննարկումներ շատ եղան: ՕԵԿ-ը գտնում է, որ 1500-ից ավելի հանրակրթական դպրոցների կողքին 2 մասնավոր դպրոցի գոյությունը Հայաստանի ազգային անվտանգությանն ամենեւին չի սպառնում: Այս առումով ՕԵԿ-ի դիրքրոշումը եղել է հստակ եւ սկզբունքային: Մենք խոհեմ որոշում ենք կայացրել` մեր երկրում ունենալ 2 դպրոց, մանավանդ, որ այդ դպրոցներում օտար լեզվի ուսուցումը կատարվելու է 7-րդ դասարանից: Վտանգ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է 9 միջպետական դպրոցներին, նախ` պետք է գտնել 9 կառավարություն, որոնք ցանկություն կունենան Հայաստանում միջպետական պայմանագրով ստեղծել դպրոց: Ես 2 միջպետական պայմանագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձումների խորհրդի նախագահն եմ` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Եւրոպական ակադեմիայի, բայց այդ ԲՈՒՀ-երի ստեղծումը հնարավոր է եղել շատ լուրջ ջանքերի գործադրման արդյունքում` ամենաբարձր մակարդակով: Այսինքն` մենք պետք է հասկանանք, որ խոսքը հնարավորություն տալու մասին է, որ մեր հայրենակիցը այդ հնարավորոսւթյունն ունենա այս երկրում, ոչ թե այդ հնարավորությունը գտնի հարեւան Վրաստանում: Հնարավորություն տալը չի նշանակում` դեմ գնալ ազգի անվտանգությանը: Ուղղակի այս հարցում կան երկու տեսակի մարդիկ` շահարկողներ եւ իրական մտահոգվածներ: իմ ուղերձն ուղղված է իրապես մտահոգված մարդկանց` պետք չէ մտահոգվել, հայրենակիցներ, որովհետեւ 1500 դպրոցի կողքին 2 մասնավոր դպրոցը վնաս չէ, իսկ շահարկողներին ինչ էլ ասես, միեւնույն է` շահարկելու են: Եւ լավ է, որ այս ամենն արվեց օրենքով, որը շատ ավելի հեշտ է փոխել, քան կառավարության կամ գերատեսչական որոշումները: