Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը կլուծվի
14 / 12 / 2010
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերի սկզբին Լեհաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում եռօրյա այցով Հայաստանում է Լեհաստանի <<Էկոտեխ>> ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը: Ընկերությունը խոշորագույնն է Եւրամիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում:
Այսօր պատվիրակությանն ընդունել է Արթուր Բաղդասարյանը:
Զրուցակիցները քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման եւ հանրապետությունում առկա նմանատիպ մյուս խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի համար բնապահպանական անվտանգության առումով խիստ կարեւոր է թե´ Նուբարաշենի, թե´ որոշ այլ բնակավայրերում առկա թունաքիմիկատների ոչնչացման խնդիրը: Դոմինիկ Վոեւուդկան ներկայացրել է իր ղեկավարած ընկերության հնարավորություններն ու փորձը նման խնդիրների լուծման գործում եւ մատնանշել, որ վտանգավոր գոյացությունները հրատապ չոչնչացնելը տարածվելու լուրջ վտանգ է պարունակում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել <<Էկոտեխ>> ընկերության եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ համագործակցության հուշագիր ստորագրել, որին կհետեւեն կարճ ժամկետներում թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման աշխատանքները: