Մամլո հաղորդագրություններ

release

Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում կիրականացվեն կոնկրետ ծրագրեր

11 / 09 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եւրահանձնաժողովի եւրոպական աջակցության եւ համագործակցության գրասենյակի եւրոպական քաղաքականության բաժնի ղեկավար Սարա Րինալդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եւրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եւրոպական հարեւանության քաղաքականության <<Հարեւանության ներդրումային գործիք>> ծրագրի միջոցով Երեւանի մետրոպոլիտենի եւ Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման համակարգերի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ամենայնի աջակցել շուրջ 36,8 միլիոն եւրո արժողությամբ ծրագրի անխափան ընթացքի ապահովմանը, որի արդյունքում Հայաստանի 7 մարզերում կբարելավվի փոքր քաղաքների ջրամատակարարումը, կվերակնգնվեն ջրի մաքրման եւ կոյուղու հավաքատեղիների ենթակառուցվածքները, կարդիականացվի Երեւանի մետրոպոլիտենը: Եւրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի դեպքում մեծացնել ֆինանսավորումը, որի մեջ զգալի մաս է կազմում անհատույց աջակցությունը հատուկ դրամաշնորհների միջոցով:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի համագործակցության խորացումը ներդրումների եւրոպական բանկի, եւրոպական զարգացման եւ վերակառուցման, Եւրախորհրդի զարգացման բանկերի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել <<Հարեւանության ներդրումային գործիք>> ծրագրի շրջանակում Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցությանն աջակցելու, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման աշխատանքներում ներգրավվելու վերաբերյալ, ինչպես նաեւ` այլ որոլրտներում ԵՄ-ի հետ կոնկրետ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու շուրջ: Այս եւ այլ խնդիրների առնչությամբ դեկտեմբերին կանցկացվի սեմինար-քննարկում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: