Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստան-Լեհաստան. Ձեռք են բերվել համագործակցության խորացմանն ողղված հստակ պայմանավորվածություններ

03 / 11 / 2010

Շարունակվում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Լեհաստանում:

Այսօր Արթուր Բաղդասարյանին ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արթուր Բաղդասարյանը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ Հայաստան պաշտոնական այցի հրավերը: Բրոնիսլավ Կոմորովսկին սիրով ընդունել է հրավերը. 2011 թվականին Լեհաստանի նախագահը կայցելի Հայաստան:
Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին` հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: Նշելով, որ հայերը դարեր շարունակ մեծ ներդրում ունեն Լեհաստանի մշակութային, տնտեսական կյանքում, Բրոնիսլավ Կոմորովսկին հավելել է, որ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր է դրանց հետագա կրկնությունը բացառելու առումով, որ 21-րդ դարում կարեւոր են խաղաղության եւ փոխգործակցության վրա խարսխված հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Լեհաստան քաղաքական համագործակցությանն առնչվող հարցերի: Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, կարեւորվել է <<Արեւելյան գործընկերության>> ծրագիրը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը:
Անդրադառնալով Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը` Բրոնիսլավ Կոմորովսկին ընդգծել է Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության հարցերով պարբերական խորհրդատվությունների անցկացման կարեւորությունը, որը հնարավորություն կտա ավելի ընկալելի դարձնել միմյանց մոտեցումները անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Ադամ Ռապացկու հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ոստիկանական մարմինների միջեւ մի շարք ուղղություններով համագործակցության մասին, որի արդյունքում առաջիկայում Հայաստանի ոստիկանության եւ Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարության միջեւ համագործակցության համաձայնագիր կստորագրվի: Հայաստան կայցելի Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարության պատվիրակությունը` տեղում ծանոթանալու Հայաստանի ոստիկանության համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, քննարկելու փոխադարձ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ խորացնել համագործակցությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարության միջեւ: Նախատեսվում է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ, քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` լեհական կողմը կաջակցի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Տեղի կունենան պաշտպանության ռազմավարական ոլորտի բարեփոխումներով զբաղվող հայկական եւ լեհական պաշտոնատար անձանց եւ փորձագիտական խմբերի փոխայցելություններ: Հայ-լեհական հաջորդ կոնկրետ պայմանավորվածությունը վերաբերում է երկու երկրների միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը:
Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալություն (FRONTEX): Քանի որ Հայաստանում հաստատվել է սահմանային անվտանգության ռազմավարությունը, գործակալության գլխավոր տնօրեն Իլկկա Լայտինենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել Հայաստանի եւ FRONTEX –ի միջեւ, որի արդյունքը պետք է լինի տեխնիկական փոխգործակցության մասին պայմանագրի ստորագրումը: