Սոչիում սկսվել են անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների քննարկումները
05 / 10 / 2010
ՌԴ անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Սոչիում կայացող անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպման առաջին օրը` հոկտեմբերի 5–ին, բացման արարողությունից հետո օրակարգային հարցերի քննարկումն սկսվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթով:
Ելույթում շոշափելով միջազգային անվտանգությանն սպառնացող ժամանակակից մարտահրավերներին եւ վտանգներին դիմակայելու եւ դրանց չեզոքացման գործում միջազգային համագործակցության ուժեղացման անհրաժեշտության հարցերը, Արթուր Բաղդասարյանն ընդգծել է բնական եւ տեխնածին աղետների նախազգուշացման, ռիսկի նվազեցման, հետեւանքների վերացման կարեւորությունը: Նա անդրադարձել է անդրազգային հանցավորության` վտանգավոր չափերի հասնող ազդեցության ակտիվացման խնդրին, կարեւորել դրա` հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առանձնապես վտանգավոր դրսեւորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ գործում միջազգային հանրության ուժերի միավորման անհրաժեշտությունը:
Արթուր Բաղդասարյանը վերլուծել է ժամանակակից անվտանգության ապահովման գործում տեղեկատվական անվտանգության աճող դերը, մի շարք առաջարկներ ներկայացրել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման բարելավման, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
<<Հայաստանը, որը որդեգրել է միջազգային դրական գործընթացներին ակտիվ ներգրավվելու քաղաքականություն, իր նպաստն է բերում բնական եւ տեխնածին աղետների, անդրսահմանային հանցավորության եւ միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի լուծման գործում>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Միջազգային հանդիպման շրջանակում Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մենոն Շիվշանկարի, Միացյալ Արաբական էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիս Սուլթան Ալարիանիի, Բուլղարիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռումեն Միլանովի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ նշված երկրների անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման, միջազգային անվտանգության ապահովման գործում երկուստեք ջանքերի միավորման, ինչպես նաեւ` երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքին վերաբերող հարցեր: