Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ-ԵՄ. Խորհրդատուների աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին դրական է գնահատվել

14 / 07 / 2010

Հայաստանում Եւրամիության խորհրդատվական խումբն արդեն մեկ տարի է` աջակցում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Այդ առիթով նրանց ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը ներառում է բարեփոխումներ շուրջ 190 ուղղություններով: Դրական գնահատելով Հայաստանում ԵՄ խորհրդատունների 18 հոգանոց խմբի աշխատանքը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նրանք մեծ աջակցություն են ցուցաբերել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը. <<Երեք ուղղություններով իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ պետական եւ հանրային կառավարման բոլոր ոլորտներում: Մենք կարողացանք խորացնել ՀՀ-ԵՄ քաղաքական գործակցության մակարդակը, որի արդյունքում այսօր բարձր մակարդակի խորհրդակցությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ արդյունավետ շարունակվում են: Խորհրդատվական խմբի աշշխատանքի կոնկրետ արդյունքներից մեկն է Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի հիմնադրումը, որն արդեն գործում է: Լուրջ քայլեր են կատարվել Հայաստանի քաղաքացիներին ԵՄ անդամ երկներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ պետք է հնարավոր ամեն ինչ արվի, որպեսզի արտոնագրերի ստացման ընթացակարգերը պարզեցվեն, եւ Հայաստանի քաղաքացիները քիչ դժվարություններ ունենան ԵՄ անդամ երկրներ այցելելիս: Արդեն ունենք առաջին արդյունքները, Հայաստանի` դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրի մեկնել ԵՄ անդամ 9 երկրներ, ԵՄ անդամ այլ երկրների հետ բանակցություններն ընթացքի մեջ են>>:
Կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ, ըստ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ-Եմ քաղաքական ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի նախապատրաստումն է, որը հնարավորություն կտա լուրջ հիմքերի վրա դնել ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը ասոցացման համաձայնագրի շրջանակում:
<<ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ Հայաստանում ձեւավորվել է ՀՀ-ԵՄ նոր` արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով կոմիտե, որն արդեն գումարել է առաջին նիստը: Սա նշանակում է, որ մենք լրջորեն շարունակելու ենք բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, արդարադատության ոլորտներում, որտեղ լրջագույն խնդիրներ են կուտակված: Նոր կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա լուրջ արդյունքներ արձանագրել նշված ոլորտներում: Այս տարի ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ կավարտենք մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը, որը ենթադրում է ոչ միայն օրենսդրական, այլեւ` ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումներ>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ լուրջ բարեփոխումներ են իրականացվել նաեւ մաքսային համակարգում, պարզեցվել են մաքսազերծման ընթացակարգերը, վերացվել է ավելորդ թղթաբանությունը, աշխատանքներ են կատարվել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ: Բարեփոխումները ներառել են նաեւ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, առողջապահության եւ այլ ոլորտներ:
ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության` Հայաստանում առաջին անգամ կիրառված եւ հաջողված փորձը նախատեսվում է ներդնել ԵՄ-ի հետ համագործակցող այլ երկրներում, մասնավորապես` Մոլդովայում եւ Վրաստանում:
ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բիոնկեն էլ շնորհակալություն է հայտնել Արթուր Բաղդասարյանին խմբի աշխատանքներին մեծապես աջակցելու համար. <<Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը մեր գործունեությանը: Ակնկալում ենք հետագայում եւս ակտիվ համագործակցել Ձեզ հետ: Հիմնականում նույն թիմն է աշխատելու Հայաստանում: Դա նշանակում է, որ ձեռք բերված փորձը լավագույնս կօգտագործվի>>:
Խորհրդատուները ներկայացրել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, արձանագրված արդյունքները եւ հետագա անելիքները:
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար Արթուր Բաղդասարյանը Ռոլֆ Բիոնկեին պարգեւատրել է շնորհակալագրով