Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի սադրիչ գործողությունները
21 / 06 / 2010
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն առավել ակտիվ կիրականացնի Եվրոպական հարեւանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես` Ադրբեջանի վերջին սադրիչ գործողություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նման գործողությունները, ինչպես նաեւ` Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն: Պիտեր Սեմնեբին եւս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ եւ նշել, որ դա պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանա:
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Եւրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւին` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այն բանաձեւերը կամ հայտարարությունները, որոնք միակողմանի են եւ հիմնված չեն լիակատար տեղեկատվության վրա, ստվեր են գցում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցեր:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ