Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստան-Գերմանիա. Տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ներուժը կօգտագործվի

20 / 05 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17–20-ն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Առաջին հանդիպումը կայացել է Կանցլերի գրասենյակում` հետախուզական ծառայությունների համակարգող Հանս Վորբեքի հետ: Քնարկվել են այս ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:
Արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության հանձնակատար Մինխտ Էբեռհարդ Փոլի հետ քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մինխտ Էբեռհարդ Փոլի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ներքին գործերի, պաշտպանության պետքարտուղարների հետ անցել են փոխըմբռնման մթնոլորտում: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-գերմանական համագործակցությունը պաշտպանության ոլորտում բարձր մակարդակի է հասել: Պաշտպանության պետքարտուղար Թոմաս Կոսենդեյը բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի զինված ուժերում խորքային բարեփոխումներ են իրականացվում, եւ Հայաստանի համար խիստ կարեւոր է Գերմանիայի փորձի ուսումնասիրումը: Քննարկվել են ռազմական կրթության, ռազմաբժշկական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Ներքին գործերի նախարարության եւ Դաշնային ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը երկու երկրների արտակարգ իրավիճակների եւ ոստիկանության մարմինների միջեւ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրով Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում նաեւ ոստիկանության համակարգում, եւ այս ոլորտում Գերմանիայի փորձի ուսումնասիրությունն օգտակար կլինի հայկական կողմի համար: Կարեւորվել է իրավապայմանագրային բազայի ստեղծումը, որն ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ համագործակցությունը: Առաջիկայում կստորագրվի համագործակցության համաձայնագիր Գերմանիայի եւ Հայաստանի ոստիկանության մարմինների միջեւ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ:
Այցի ավարտին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում կայացել է Արթուր Բաղդասարյանի <<Անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում>> թեմայով շնորհանդես, որին մասնակցել են Գերմանիայի արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, գիտական, քաղաքական, փորձագիտական դաշտի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների տեսլականը, պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին: Գերմանական կողմը բարձր է գնահատել բարեփոխումների հիմնական ուղղությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել իրականացվող բարեփոխումներին: