Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանում կներդրվի էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ

06 / 05 / 2010

Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայեցակարգի մշակումը նախատեսված է <<Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ>>:
Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում:
<<Այսօր մեր երկրում էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են, եւ Հայաստանը բոլոր հիմքերն ունի` ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլեւ` էլեկտրաէներգիա արտահանելու, ինչը մեր երկրի տնտեսության համար չափազանց կարեւոր նշանակություն ունի: Եւրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր երկու ուղղությամբ է զարգանում` էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրերի եւ էլեկտրաէներգիայի արտադրության խնայողության արդյունավետ ռեժիմների սահմանման միջոցով: Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը եւ մինչեւ հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման: