Ռազմաարդյունաբերության զարգացումը` գործնական քայլերով
29 / 04 / 2010
Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է պաշտպանության նախարարության հետ համագործակցող 39 ձեռնարկությունների ղեկավարների հետ` քննարկելու ռազմաարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Նա նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրն է` մշակել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգ, պետական ծրագիր, ինչպես նաեւ` ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործնական քայլեր ձեռնարկել:
<<Ազգային անվտանգության խորհրդում լուրջ ուսումնասիրություններ են կատարվել` պարզելու, թե ինչպես է զարգանում ռազմաարդյունաբերական համալիրն այլ երկրներում: Արեւմտյան Եւրոպայի զարգացած երկրներում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա պետությունը ծախսում է բյուջեի 10-15 տոկոսը, որովհետեւ ռազմաարդյունաբերական համալիրի գործարկումը նշանակում է նաեւ այլ ճյուղերի զարգացում, արդիականացում: ԽՍՀՄ-ում մեծ տեղ էր հատկացվում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, այդ ձեռնարկությունները նաեւ քաղաքացիական նշանակության ապրանքներ էին թողարկում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում կա կուտակված ներուժ, ուստի պետք է լիակատար հաշվառենք առկա ներուժը` լավ արդյունքների հասնելու համար>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանր ներկայացրել է անվտանգության խորհրդում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը ներկայացրել է ռազմաարդյունաբերության զարգացման հայեցակարգային ուղղություններում առկա խնդիրները:
Ձեռնարկությունների տնօրեններն էլ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծման եղանակներ առաջարկել:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է առկա խնդիրների վերլուծությունն ու զարգացման ճիշտ ուղիների մշակումը. <<Մեր հանդիպումները ռուսական եւ բելառուսական ընկերությունների հետ արդեն տալիս են առաջին պտուղները, կան նախնական պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր, համաձայն որոնց կխթանվեն կապերը Հայաստանի եւ այդ երկրների ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միջեւ: Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդներում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն զբաղվելու է նաեւ այս ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովելու խնդրով: Վստահ եմ` մեկ տարվա ընթացքում կկարողանանք մի քանի ուղղություններով առաջընթաց ունենալ>>:
Որոշվել է ձեռնարկությունների ղեկավարների ներկայացնելիք անձնագրերի հիման վրա ստեղծել տվյալների ամբողջական բազա եւ գործնական նախաձեռնություններ մշակել: