Մամլո հաղորդագրություններ

release

Բարեփոխումներ փրկարարական համակարգում. Հայաստանի քաղաքացիներին պետք է առավել արդյունավետ պաշտպանել

20 / 04 / 2010

Հայաստանի փրկարարական համակարգում լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն: Առաջին քայլը, սակայն, բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակումն է:

Փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակման հարցերով միջգերատեսչական հանձնախումբը գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ընդգծելով փրկարարական համակարգի բարեփոխումների կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ յուրաքանչյուր պետության առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումն է: Այս առումով փրկարար ծառայության բարեփոխումները ռազմավարական նշանակություն ունեն:
<<Միայն այս տարվա ընթացքում մեր երկրում տեղի է ունեցել 27 փլուզում, 400-ից ավելի հրդեհ, արդյունքում` զոհվել է 3 մարդ, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 7 մարդ, միլիոնների հասնող տնտեսական վնաս է հասցվել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Փրկարար ծառայությունն, իհարկե, օպերատիվ արձագանքել է, բայց մեր նպատակն է` Հայաստանում ձեւավորել քաղաքացիներին օպերատիվ աջակցություն, օժանդակություն ցուցաբերելու այնպիսի համակարգ, որը գործում է զարգացած երկրներում: Մենք մեծ բարեփոխումներ ենք նախատեսում փրկարար ծառայության համակարգում, եւ համոզված եմ, որ դրանք արդյունավետ իրականացնելու դեպքում կարող ենք մեր քաղաքացիներին առավել արդյունավետ պաշտպանել, ապահովել նրանց անվտանգությունը, եւ դա կազմում է մեր երկրի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ փրկարարական համակարգում բարեփոխումների նախաձեռնումը պայմանավորված է նաեւ մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով:
Նիստում որոշվել է 3 ամսվա ընթացքում հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը: