Մամլո հաղորդագրություններ

release

Կմշակվի պարենային անվտանգության հայեցակարգ

08 / 02 / 2010

Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ:

Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` այսօր կայացած նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի որոշման եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի եւ անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
Ընդգծելով պարենային անվտանգության բացառիկ կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկրի պարենային անվտանգության եւ պարենային անկախության հիմնախնդիրների լուծումը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում եւ ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակական իրականացում: Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան լուծել մեր երկրի պարենային ապահովվածության եւ անվտանգության խնդիրները ինչպես ամենօրյա պայմաններում, այնպես էլ` արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում: Պետք է մշակվի ու հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի պարենային ապահովվածության ու անվտանգության մակարդակը, արդյունքում` ձեւավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես` գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում, եւ նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից, կբարձրացնի մեր երկրի պարենային ինքնաբավության մակարդակը: