Մամլո հաղորդագրություններ

release

Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը

27 / 02 / 2020

Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հանդիսանում է մեր անվտանգության անքակտելի մասը»,- ընդգծել է քարտուղար Գրիգորյանը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը, դրա զարգացումը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներն են: Զեկուցողի խոսքով՝ համատեղելով օրենսդրի, քաղհասարակության եւ գործադիրի ներուժը՝ հնարավոր է ավելի մեծ արդյունքներ ապահովել՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: Նա նշել է, որ ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ կառույցների արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ կարողությունները:

ԱԺ պատգամավորները, միջազգային կառույցների եւ քաղհասարակության ներկայացուցիչներն ողջունել են նման հարթակ ստեղծելու նախաձեռնությունը: ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթը հարթակի ստեղծումը համարել է պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի համար: