Կմշակվի քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ
27 / 11 / 2009
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրարգին համահունչ կմշակվի քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ:
Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` այսօր կայացած նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է 2010 թվականի մայիսին հայեցակարգը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը:
Երկրի ազգային անվտանգության ապահովման գործում կարեւորելով քաղաքացիական պաշտպանության` ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայեցակարգի ընդունումը կիրառական նշանակություն ունի քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու համար:
Հայեցակարգի ընդունումը ենթադրում է քաղաքացիական պաշտպանության ներկա վիճակի գնահատում, միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքացիական պաշտպանության համակարգի ձեւավորում, ճգնաժամային կառավարման ոլորտի կարողությունների ընդլայնում:
Մայրաքաղաքում կստեղծվի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն, որը հետագայում կունենա նաեւ մարզային ստորաբաժանումներ: