ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Վիգաուդաս Ուշացկասին
21 / 11 / 2009
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին:
Քննարկվել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին եւ միջազգային կառույցներում համագործակցությանը վերաբերող հացեր:
Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Լիտվայի բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն` պայմանավորված երկու ժողովուրդների միջեւ պատմական ընդհանրություններով:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժ կա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը սննդի անվտանգության եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում: Այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով Հայաստանում իրականացվող բարեփոխումների, Արեւելյան գործընկերության ծրագրի հետ կապված հարցեր: Կարեւորվել է արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի շրջանակում Հայաստան-Եւրամիություն երկխոսության խորացումը եւ համագործակցության ընդլայնումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Վիգաուդաս Ուշացկասը բարձր է գնահատել Հայաստանի` հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքերը եւ հայտնել Լիտվայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: