Մամլո հաղորդագրություններ

release

Ռազմաարդյունաբերական ոլորտում հայ-բելառուսական համագործակցությունը կզարգանա

12 / 11 / 2009

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Այսօր կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Զասի առանձնազրույցը, որին հետեւել են ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումներ:
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, ինչպեսեւ Հայաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ ընդգծել է, որ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում ակտիվ զարգանում է, համատեղ ջանքեր են գործադրվում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման, անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման, իրավապահ մարիմինների, արտակարգ իրավիճակների նախարարության կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության խորացման ուղղությամբ:
Ստանիսլավ Զասը կարեւորել է ՀԱՊԿ շրջանակում առկա ավանդույթը, այն է` նախաձեռնությունները ձեւավորվում են միջետական մակարդակով, ապա կողմերից մեկի միջոցով ներկայացվում են ՀԱՊԿ ձեւաչափով քննարկումների ընթացքում:
Կողմերը նշել են, որ հայ-բելառուսական համագործակցությունը բավական արդյունավետ զարգանում է անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: Երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների պայմանավորվածության համաձայն` ակտիվ զարգանում է փոխգործակցությունը Հայաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ, ինչպեսեւ գործնական քայլեր են ձեռնարկվում ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ: Քննարկվել են այս ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, համատեղ ծրագրեր իրականացնելու եւ փոխադարձ աջակցության խնդիրները:
Բրեստում սեպտեմբերին Հայաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն որոշում էր ընդունել ՀԱՊԿ շրջանակում մշակել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների տեխնիկական վերազինման միջպետական նպատակային ծրագիր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշումը կենսագործելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հետեւելու համար նշանակվել են պատասխանատուներ հայկական եւ բելառուսական կողմերից:
Հյուրերը նշել են, որ հանդիպումները տպավորիչ են եղել նաեւ պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարություններում, եւ որ համագործակցության լայն հնարավորություններ են նախանշվում:
Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ ռազմաարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, այցելել է Հայաստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ` տեղում ծանոթացել նրանց հնարավորություններին եւ համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել: