Մամլո հաղորդագրություններ

release

Կստեղծվի Հայաստանի եւ Եւրամիությամ միջեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտե

07 / 10 / 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եւրոպական հանձնաժողովի արդարադատության, ազատության եւ անվտանգության գլխավոր տնօրինության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Լուիջի Սորեկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եւրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի ստեղծման հարցը: Հայաստանը չորրորդ երկիրն է լինելու, որտեղ ստեղծվելու է նման ենթակոմիտե, որը կնպաստի արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում Հայաստան-Եւրամիություն երկխոսության խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը:
Արթուր Բաղդասարյանի առաջարկով որոշվել է մշակել ենթակոմիտեի աշխատանքային ծրագիր, որը կներառի համապատասխան գործողությունների ժամանակացույց:
Քննարկվել են նաեւ ենթակոմիտեի ձեւավորման եւ գործունեության ընթացքում Եւրահանձնաժողովի կողմից Հայաստանին տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցերը: Կարեւորվել են սահմանների կառավարման, Հայաստանի եւ Եվրամիության ամդամ երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՙԱրեւելյան գործընկերության՚ շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը դրական են գնահատել Հայաստան-Եվրամիություն համագործակցության մակարդակը: