Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 84 կետերը կատարված են

05 / 10 / 2009

Այսօր կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Գործողությունների ծրագրի նպատակը եւրոպական եւ եւրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ Հայաստանի համագործակցության խորացումն է: Ծրագրով նախատեսված 42 միջոցառումներն ընդգրկում են 122 գործողություն, որոնցից 84-ն արդեն կատարված են:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ծրագրով նախատեսված սահմանային անվտանգության եւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ կիբեր հանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման, անհրաժեշտ ծրագրերի եւ միջոցառումների կազմման եւ համակարգված միջգերատեսչական համագործակցություն իրականացնելու հարցերը, որոնց կապակցությամբ ընդունվել են համապատասխան որոշումներ:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են գործողությունների իրականացման ընթացքն ըստ գերատեսչությունների: Հանձնաժողովն արձանագրել է, որ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններում եւ ազգային ավտանգության ծառայությունում ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքն ամբողջությամբ համապատասխանում է ծրագրի իրականացման ժամանակացույցին:
Ազգային տեղեկատվական ռազմավարության եւ քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի նախագծեր մշակելու համար հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կգումարվի 2010 թվականի հունվարին` ամփոփելու 2009 թվականին կատարված աշխատանքը: