Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանում կմշակվի տրանսպորտային անվտանգության ազգային ռազմավարություն

22 / 09 / 2009

Տրանսպորտային անվտանգության համակարգի ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ռազմավարության մշակումը եւ հաստատումը սահմանված է ՙՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ՚ եւ ՙՀայաստան-Եվրամիություն՚ համագործակցության ծրագրով:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ ռազմավարության ընդունումն օժտված է բացառիկ կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակությամբ` հաշվի առնելով թե’ տարածաշրջանային վերջին զարգացումները, թե’ Իրան-Հայաստան ավտոմայրուղու եւ երկաթգծի կառուցման տեսլականը: Տրանսպորտային անվտանգության ազգային ռազմավարության նպատակը ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համակարգերի անվտանգության բարձր մակարդակի ապահովումն է, նոր տրանսպորտային տարածաշրջանային ենթակառուցվածքների հուսալիության բարձրացումը, ինչպես նաեւ` միջազգային չափանիշներին համապատասխան տրանսպորտային անվտանգության համակարգի ձեւավորումը:
Նիստում որոշվել է ռազմավարության նախագիծը մարտ ամսին ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը, որից հետո համաձայն Հայաստան-Եվրամիություն համագործակցության ծրագրի, կառավարությունը կիրականացնի հնգամյա միջոցառումների ծրագիր: