Մամլո հաղորդագրություններ

release

Կայացել է պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

15 / 09 / 2009

Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բացելով նիստը` անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ռազմավարական վերանայման առաջին և երկրորդ փուլերի ընթացքում հանձնաժողովի կողմից մշակված պլանավորման ղեկավար փաստաթղթերի փաթեթն արժանացել է հանրապետության Նախագահի հավանությանը: Արթուր Բաղդասարյանը հայտարարել է պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի աշխատանքների մեկնարկի մասին եւ այդ մեծածավալ աշխատանքն ըստ արժանվույն կատարելու գործում կարեւորել բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը: Նա նշել է, որ ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակումն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում:
Նիստում որոշվել է սահմանված ժամկետներում ապահովել ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկով նախատեսված աշխատանքների իրականացումը:
Հանձնաժողովը որոշել է ըստ ոլորտների ձեւավորել աշխատանքային խմբեր եւ հստակեցնել հետագա աշխատանքների կազմակերպման մեխանիզմները:
Պաշտպանության ռազմավարական վերանայման առաջին և երկրորդ փուլերի ընթացքում առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվել են հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած գերատեսչությունների ներկայացուցիչները: Պարգեւները հանձնել է Սեյրան Օհանյանը: