Մամլո հաղորդագրություններ

release

Շարունակվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Բելառուս

17 / 03 / 2009

Պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր առանձնազրույց է ունեցել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Յուրի Ժադոբինի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը:

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծման հետ կապված հարցեր, ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Կարեւորվել է համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու եւ փոխադարձ աջակցության խնդիրները:
Արթուր Բաղդասարյանը եւ Յուրի Ժադոբինն ընդգծել են, որ երկու երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունները համագործակցելու մեծ հնարավորություններ ունեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության համաձայնագիր ստորագրել երկու նախարարությունների միջեւ:
Կողմերը քննարկել են միջպետական նպատակային ծրագրերին Հայաստանի եւ Բելառուսի մասնակցության խնդիրները եւ պայմանավորվել մի շարք ուղղություններով կազմել եւ իրականացնել համատեղ միջպետական ծրագրեր:
Արթուր Բաղդասարյանը եւ Յուրի ժադոբինը երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նախանշվում են համագործակցության հիմնական ուղղությունները: Կողմերը պատրաստվում են համաձայնեցված մոտեցումներ մշակել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար: Կխորանա համագործակցությունը կազմակերպված հանցավորության, անդրսահմանային հանցագործությունների, թմրաբիզնեսի, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի հարցերում: Կողմերը պարտավորվում են ընդլայնել համագործակցությունը նաեւ բնական եւ տեխնածին աղետներին արձագանքման համատեղ համակարգի ձեւավորման գործում:
Արթուր Բաղդասարյանն այցելել է Բելառուսի ներքին գործերի հատուկ նշանակության զորամաս եւ ռազմական ակադեմիա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի եւ Բելառուսի ռազմական ակադեմիայի միջեւ համագործակցության համաձայանագիր ստորագրել, որով կկանոնակարգվեն կադրերի պատրաստման, վերապատրաստման, փորձի փոխանակման խնդիրները: