Մամլո հաղորդագրություններ

release

Ստորագրվել են հայ-իտալական համագործակցության մի շարք համաձայնագրեր

25 / 02 / 2009

Փետրվարի 24–25-ին շարունակվել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Իտալիայի Հանրապետության պաշտոնյաների հետ:

Իտալիայի պետական կառավարման եւ նորամուծությունների նախարար Ռենատո Բրունետայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարեփոխումների եւ նորարարությունների ուղղությամբ երկու երկրներում կատարվող աշխատանքները: Կարեւորվել է այս ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Արթուր Բաղդասարյանն առաջարկել է համագործակցության երեք ոլորտ` պետական եւ համայնքային ծառայողների վերապատրաստման, նորարարությունների եւ ընդհանուր ուղղություններով բարեփոխումների:
Կողմերը համագործակցության համաձայնագիր կնքելու պայմանավորվածություն են ձեռք բերել, ներկայացված առաջարկների հիման վրա ուրվագծվել են համագործակցության ընդհանուր ուղություններն ու հնարավորությունները: Համաձայնագիրը կստորագրվի ընթացիկ տարվա աշնանը` նախարարի գլխավորած պատվիրակության` Երեւան կատարելիք այցի ընթացքում:
Ռենատո Բրունետան ողջունել է Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու ջանքերը:
Իտալիայի արտաքին գործերի պետական քարտուղար Ալֆրեդո Մանտիկան երկու երկրների միջեւ համագործակցության խորացման առումով ընդգծել է Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության` Իտալիա այցի կարեւորությունը: Կողմերը քննարկել են ՙԵւրոպական հարեւանության քաղաքականությանը՚, ՙԱրեւելյան համագործակցությանը՚ վերաբերող հարցեր: Ալֆրեդո Մանտիկան ընդգծել է Իտալիայի հետաքրքրվածությունը Կովկասի նկատմամբ, ինչով եւ պայմանավորված է նրա` գալիք շաբաթ տարածաշրջան, այդ թվում` Երեւան կատարելիք այցը:
Իտալիայի Սենատի նախագահի տեղակալ Վանինո Կիտիի հետ հանդիպման ընթացքում նշվել է, որ մշակութային ընդհանրություններ ունեցող Հայաստանն ու Իտալիան տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հնարավորություններ ունեն: Տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ արդեն առաջընթաց է նկատվում, բայց այդ ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները շատ ավելի մեծ են:
Հայաստանն ու Իտալիան համագործակցում են նաեւ կրթական ոլոտում, բայց այդ ոլորտում եւս օգտագործված չէ համագործակցության ողջ ներուժը:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունների շարժը չի գոհացնում հայկական կողմին, ցանկություն կա խորացնել քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսությունը: Հայաստանի համար շատ կարեւոր է Իտալիայի հետ բազմակողմ հարաբերությունները հնարավորինս լայն ծավալով իրացնելը: Հայաստանում հավակնոտ բարեփոխումներ են իրականացվում եւրաինտեգրման ճանապարհին, մեր երկիրը տարածաշրջանում հանդես է գալիս ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ` նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում խաղաղության, համագործակցության ամրապնդմանը: Վանինո Կիտին խոստացել է իր հերթին նպաստել երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Իտալացի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների հարցում, ԼՂ հարցը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու, հարեւանների հետ առանց նախապայմանների հրաբերություններ հաստատելու պատրաստակամությունը:
Համաշխարհային քրիստոնեաժողովրդավարական եւ կենտրոնամետ ժողովրդավարական միության առաջնորդ, միջխորհրդարանական միության նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՙՕրինաց երկիր՚ կուսակցության հետ համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության համաձայնագիր կնքել` որպես քույր կուսակցություններ: Պիեր Ֆերդինանդո Կազինին Արթուր Բաղդասարյանին հրավիրել է մասնակցել ապրիլին Վարշավայում կայանալիք Եւրոպական ժողովրդավարական կուսակցության համաժողովին` միաժամանակ ընդգծելով ավելի հաճախակի հանդիպելու անհրաժեշտությունը:
Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի հետ Արթուր Բաղդասարյանը քննարկել է ոստիկանության, անվտանգության ոլորտներին առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է, որ իտալական կողմն աջակցի Հայաստանի ոստիկանությանը տեխնիկական վերազինման հարցում, առաջարկն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են ոստիկանության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել ապրիլի 16-ին, երբ Իտալիայի ներկայացուցչական պատվիրակությունը կմասնակցի Իտալիայի ներքին գործերի նախարարության Հայաստանի ոստիկանության օրվա հոբելյանական միջոցառումներին: Իտալական կողմի հետ կստորագրվի նաեւ մաքսային ոլորտում համագործակցության համաձայնագիր:
Իտալիայի Պրիվերնո քաղաքում Հայաստանի Գավառ քաղաքի միջեւ քույր քաղաքների վերաբերյալ հուշագիր է ստորագրվել: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում շատ կարեւոր է նաեւ երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ համագործակցության զարգացումը:
Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր ՙԻլ մեսաջեռո՚, ՙԼա ստամպա՚, ՙԼա Ռեպուբլիկա՚ օրաթերթերին, ՙԱփկոն՚, ՙԱնսա՚, ՙՍենատո օնլայն՚ էլեկտրոնային թերթերին: