Հայ-իտալական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում
24 / 02 / 2009
Շարունակվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Իտալիա: Փետրվարի 23-ին կայացել է ՀՀ ԱԱԽ քարտուղարի հանդիպումը ԻՀ Եւրահամայնքային քաղաքականության նախարար Անդրեա Ռոնկի հետ:
ԵՄ-Իտալիա համագործակցությունը համակարգող նախարարը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագիրը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարի գլխավորած պատվիրակության` ամռանը Հայաստան կատարելիք այցի ընթացքում քննարկել համագործակցության եւ փոխօգնության կոնկրետ ձեւերն ու մեթոդները:
Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում: Այցի ընթացքում Իտալիայի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումները կառուցողական եւ գործնական են եղել:
Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը նոր որակի հասցնելու առումով ԱԱԽ քարտուղարը կարեւորել է Իտալիայի հետ ակտիվ երկխոսությունը, Իտալիայի աջակցությունը Հայաստանին եւրաինտեգրման գործընթացում:
Արթուր Բաղդասարյանը պատասխանել է իտալահայերին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես առնչվել են ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին:
Փետրվարի 24–ին ԱԱԽ քարտուղարը հանդիպել է Իտալիայի ներկայացուցիչների պալատի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդմոնդո Չիրիելիի հետ: Քննարկվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Էդմոնդո Չիրիելին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է պատվիրակության այց տարածաշրջան` քննարկելու անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցը: