Դատաիրավական ոլորտում բարեփոխումները կշարունակվեն
11 / 10 / 2008
Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:
«Բավական բուռն քննարկում տեղի ունեցավ դատաիրավական համակարգում բարեփոխումները շարունակելու վերաբերյալ: Այսօր շարունակում են կարեւոր խնդիրներ մնալ համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը, արդարադատության մատչելիության ապահովումը: Արդարացի ու հիմնավոր է ժողովրդի դժգոհությունն այն առումով, որ ներկայում վճռաբեկ դատարանում հանդես գալու իրավունք ունեն միայն հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանները, որոնք մատչելի չեն հասարակ քաղաքացուն>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը։
Նա նշել է, որ նիստում հավանության են արժանացել բարեփոխումների շարունակության հիմնական ուղղությունները. «Առաջիկայում դուք ականատես կլինեք տարբեր մասնագիտական լսարաններում դատաիրավական բարեփոխումների քննարկումների` միտված դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը։ Այս ամենը ենթադրում է օրենսդրական, ինստիտուցիոնալ, դատավարական ընթացակարգերի բարեփոխումներ։ Առաջիկայում մեր ժողովուրդը կտեսնի դատական համակարգի բարեփոխումների օգտակար արդյունքները: Այդ բարեփոխումները նախատեսված են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ծրագրով>>։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակում Հայաստանում անցկացված «Ռուբեժ—2008» հրամանատարաշտաբային եւ մարտավարական զորավարժություններին, պետական կառավարման 40 կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ անցկացված վարժանքը գնահատվել է «լավ», նշվել են կազմակերպչական որոշ թերություններ։
«Զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացման մասով պետք է մեծածավալ աշխատանք կատարվի»,–ասել է անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ երկրի ղեկավարի հրամանագրով ստեղծվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովը, որը պետք է զբաղվի ոլորտի բարեփոխումներով։