Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը

23 / 12 / 2008

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության եռօրյա այցը տեղի է ունենում Արթուր Բաղդասարյանի` ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:
Քննարկվել է Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` շեշտելով այդ հարաբերությունները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ` միջազգային հարաբերությունների համատեքստում դիտարկելու անհրաժեշտությունը: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն:
Քննարկվել են նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի, նավթամուղի, ինչպեսեւ Երեւան-Բաթումի ավտոմայրուղու կառուցմանը Թեհրանի մասնակցության խնդիրները:
Կողմերն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:
Արթուր Բաղդասարյանը եւ Ալի Բաղերին կարեւորել են ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար գործնական քայլերի իրականացումը եւ նշել, որ դրան կարող է մեծապես նպաստել Հայաստանի եւ Իրանի անվտանգության խորհուրդների միջեւ ձեւավորվող հատուկ կոմիտեն:
Արթուր Բաղդասարյանն իր իրանցի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. այցը տեղի կունենա 2009 թվականի ընթացքում: