Մեկնարկել են Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի աշխատանքները
13 / 05 / 2020
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի առաջին նիստը: Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում նշել է, որ «Զինված ուժերում այս ժամանակաշրջանում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ բարեփոխումներն ընթանում են ողջ ծավալով և այդ բարեփոխումների հստակ տեսլական, ռազմավարություն և մարտավարություն կա: Իհարկե այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, և այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձևակերպելու հնարավորություն ունենանք, և հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»:
Հանձնախմբի նախագահը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարևորել է պաշտպանական ոլորտի բարեփոխումները՝ միտված զինվորական ծառայության արդյունավետության բարձրացմանը, արատավոր բարքերի ներթափանցման կանխմանը, բանակում ինքնասպանությունների կանխման և դրանց պատճառների վերացմանը, ԶՈՒ-ի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության, հակակոռուպցիոն քաղաքականության և բարեվարքության ամրապնդմանը:
Հաջորդիվ քննարկվել են հանձնախմբի գործունեությանը վերաբերող հարցեր: