Մամլո հաղորդագրություններ

release

Հաստատվել է Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության 2020-2021թթ. գործողությունների ծրագիրը

02 / 06 / 2020

Ս.թ. հունիսի 2–ին Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդատվական մարմին հանդիսացող Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի առցանց աշխատանքային հանդիպումը: Առցանց հանդիպումը վարում էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՀԿ և ԵՄ փորձագետներ:

Առցանց հանդիպման ընթացքում հաստատվել է Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության 2020-2021թթ. գործողությունների ծրագիրը, իսկ ԵԱՀԿ և ԵՄ փորձագետների կողմից ներկայացվեց ՀՀ ոստիկանության բարեփոխման ռազմավարության մշակման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:

Աշխատանքային քննարկման վերջում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Այսօրվա ոչ ստանդարտ հանդիպումը վկայում է այն, որ Հարթակն իր առջև դրած աշխատանքների և ծրագրերի իրականացման ճանապարհին է: Առաջիկայում Հարթակը հսկայական անելիք ունի: Ակնհայտ է, որ անվտանգության ոլորտում պետության առջև դրված մի շարք խնդիրների իրականացման համար անհրաժեշտ է փորձագիտական հսկայական ներուժ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համապատասխան ներգրավվածություն, որի իրականացման գործում անգնահատելի է Հարթակի դերը»: