Հեռախոսազրույցեր Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի և Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար հետ
30 / 09 / 2020
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր Սագինբաևի և Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասեթ Իսեկեշևի հետ:
ԱԽ քարտուղարն հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, Արմեն Գրիգորյանը մատնանշել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու և հակամարտության մի կողմին ուղղակի աջակցություն ցուցաբերելու հանգամանքը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում Արցախի պաշտպանության բանակը և ՀՀ Զինված ուժերը տարածաշրջանային կայունության և անվտանգության միակ երաշխավորներն են:
Ղրղզական Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարները ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: