Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին

28 / 10 / 2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

ԱԽ քարտուղարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: ԱԽ քարտուղարը ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկիչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:

Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: