Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

30 / 10 / 2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։

Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: