Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել "ՌԻԱ Նովոստի" գործակալությանը

23 / 04 / 2021

– Մոտ օրերս նախատեսված է Ձեր այցը Մոսկվա: Ինչ նպատակով եք մեկնում Մոսկվա, ինչ հանդիպումներ են պլանավորված, Հնարավոր է արդյոք հանդիպումների արդյունքում ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ :

– Մոսկվա այցը փոխկապակցված է Դուշանբե այցի հետ, որի ընթացքում պլանավորված է ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ։ Այցի ընթացքում պլանվորված է քննարկել անվտանգության հարցերի լայն շրջանակ և դրա ավարտին արդյունքների մասին տեղյակ կպահենք հանրությանը։

– Ինչպես եք տեսնում Ռուսաստանի դերը Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանության գործում և արդյոք այս հարցում կպահանջվի նոր փաստաթողթրի կնքում կամ արդեն իսկ գործող համաձայնագրերի թարմեցում :

– Կարծում եմ տեղյակ եք, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային-փոխօգնության պարտավորությունները կանոնակարգվում են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՀՀ-ՌԴ երկկողմ իրավապայմանագրային բազայի վրա, որոնք լայն համագործակցության հնարավորություն են տալիս։ Մինչ այժմ մենք որևէ փաստաթղթային սահմանափակման չենք հանդիպել, որը կարող էր խոչընդոտ լինել մեր համատեղ ծրագրերն իրականացնելու համար։ Եթե, հանկարծ, հանդիպենք նման խոչընդոտների, ապա կքննարկենք նաև հավելյալ պայմանագրերի ստորագրման կամ արդեն գոյություն ունեցողների թարմացման հարցը։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ապա Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի և մենք շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ուժեղացման ոլորտում։

– Հայկական կողմի գնահատմամբ, որքանո՞վ է արդյունավետ ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում, և արդյո՞ք Երևանը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղապահների ներկայության ժամկետների երկարաձգման և վերջիններիս ներկայության ընդլայնման հարցում :

– Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում։ Այս պահի դրությամբ Արցախում խաղաղությունը պահպանվում է ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Խաղաղապահ ուժերի` Արցախում տեղակայման ժամկետների երկարաձգման հարցը ավելի կոնկրետ հնարավոր կլինի քննարկել մանդատի ավարտին մոտ, բայց մինչ այժմ Ադրբեջանը որևէ հատկանիշ չի դրսևորում, որ առանց խաղաղապահների տարածաշրջանում հնարավոր է կայունություն։

– Ինչպես են վերաբերվում Երևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, որտեղ նա Զանգեզուրն ու Երևանը անվանում է ադրբեջանական «պատմական հողեր» և սպառնում լուծել «զանգեզուրյան միջանցքի» ստեղծման հարցը ուժով, այն պարագայում, եթե հայկական կողմը հրաժարվի դա անել ինքնակամ : Կարո՞ղ է արդյոք նման հակահայկական հռետորաբանությունը հանգեցնել Արցախյան նոր պատերազմի :

– Ալիևի ներկայիս հռետորաբանությունն ընդամենն ապացուցում է հայկական կողմի այն պնդումների իրավացիությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը գոյաբանական խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանը սեփական ուժերով և դաշնակցային ներուժով ունակ է պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Ցանկանում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիեւի ցանկացած հայտարարություն արմատապես խեղաթյուրում է կրակի դադարեցման մասին ստորագրված հայտնի հայտարարությունը։

Պատմությունը մեզ ցույց տվեց, որ անգամ գրեթե յոթանասնամյա լռության պայմաններում Արցախի հայերը ոչ մի ակնթարթ չեն մոռացել իրենց իրավունքների մասին։ 1988թ․-ին նրանք պահանջատեր դարձան իրենց իրավունքներին և նվաճեցին ազատությունը։ Այսպիսով, տարածաշրջանի կայունությունը և զարգացումը պայմանավորված է նրանով, թե որքանով է իրականությունն արտացոլում պատմական արդարությունը։

– Ում պարտությունն եք համարում Արցախում տեղի ունեցածը և արդյոք կանխատեսում եք երբևէ ետ բերել կորսված դիրքերը :

– Իմ սկզբունքային դիրքորոշումն է պատերազմը դիտարկել ոչ թե որպես սպրինտերային մրցավազք, այլ՝ մարաթոն։ Այսինքն, ես կարծում եմ, որ «44-օրյա» անվանումը ստացած պատերազմն տասնամյակների նախապատմություն ունի և այդ առումով, արդյունքները գնահատելու նպատակով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։ Ինչ վերաբերում է տարածքներին, ենթադրում եմ, Ձեզ հայտի է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը, հստակ սահմաններով ընդունված է միջագային հանրության կողմից սահմաններով և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ զավթված տարածքները։

– Որոշ փորձագետներ Արցախում դեպքերի նման զարգացումը կապում էին Ռուսաստանի հետ Հայաստանի ոչ բավարար համագործակցությունով, արդյոք համաձայն եք այս գնահատականի հետ և պատրաստվու՞մ եք արդյոք վերանայել Մոսկվայի հետ ձեր հարաբերությունները :

«Որոշ փորձագետներ» արտահայտությունը շատ նկարագրական է։ Եթե դուք դիտարկեք վերջին երեք տարվա հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, ապա կտեսնեք, որ այդ փորձագետները սխալվում են։ Մի կողմ դնելով կեղծ լուրերն ու էմոցիաները և օբյեկտիվորեն վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունները, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները համապատասխանել են ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին։ Բավարար է միայն նշել Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության պահպանման առումով Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանի մասնակցությունը: Ի դեպ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը (ՌՏՎԿ-ЦАСТ) անցյալ տարի համապարփակ և խորը ուսումնասիրություն էր հրապարակել, որտեղ գնահատվում էր Ռուսաստանի դաշնակիցների վարքագիծը։ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առումով ամենասկզբունքային և վստահելի երկրներից մեկն է։ Այսպիսով, եթե նույնիսկ մեր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն առաջանա, ապա միայն խորացման և զարգացման ուղղությամբ։

– Ինչպե՞ս եք պատրաստվում հայկական Զինված ուժերի բարեփոխումները իրականացնել, հաշվի առնելով Արցախյան հակամարտության շուրջ վերջին սրացումը :
Պատրաստվում եք արդյոք ձեռք բերել ժամանակակից սպառազինություն և ումից եք պատրաստվում այն գնել :

– Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ։ Մեր տեսանկյունից, Ռուսաստանի Զինված ուժերի վերջին տասներկու տարիների բարեփոխումներն ամենահաջողվածներից են: բանակի արդիականացումը և օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունը նպաստել են, որպեսզի Ռուսաստանն շարունակի ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհ ու կկառուցենք հզոր հայկական բանակ։ Իսկ սպառազինության վերաբերյալ կնշեմ, որ գնելու ենք լավագույն զենքերը և Ձեզ հայտնի է, թե որ եկիրն է այդ բնագավառում առաջատարը։ Միաժամանակ, մենք պլանավորում ենք հետագայում ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։

– Ինչպիսի՞ փոփոխություններ եք ծրագրում կատարել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, հաշվի առնելով 2020 թ. աշնանը Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններն ու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը :

– Այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել Ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նման հնարավորություն կընձեռնվի միայն նախանշված խորհրդարանական ընտրություններից հետո։ Իհարկե, պատերազմը շատ բան է փոխել, բայց շատ բան էլ նույնն է մնացել։ Անկասկած, պատերազմը շատ բաներ փոխեց, բայց և այնպես շատ բաներ մնացին անփոփոխ: Եվ այս առումով, ենթադրում եմ, որ Ռազմավարությունը չի կորցրել իր արդիականությունը։

– Ինչպես եք կարծում, կարող է արդյոք Հայաստանը տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դիմել այդ քայլին :

– Մինչ խաղաղության պայմանագրի մասին խոսելը պետք է արձանագրել մի պարզ իրողություն. Ղարաբաղյան հակամարտություն վերջնական լուծված չէ: Այս հակամարտութունը հնարավոր չէ լուծել ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով: 2020 թվականի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի` Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնարար սկզբունքներից մեկը` ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքը: Գոյություն ունեն տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ և դրանց կոմպոնենտներ, որոնց վրա էլ պետք է հիմնվի հակամարտության կարգավորումը: Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ում վերջին համատեղ հայտարարութան մեջ նշված էր, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «կողմերին լավ հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա»:

Ալիևը, ոչ միայն ժխտում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ իրողությունը, բայց նաև փորձում է ամեն կերպ խորացնել թշնամանքը երկու ժողովրդների միջև: Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարի պուրակ», ցնորական հայտարարություններ է անում Զանգեզուրի վերաբերյալ, ոչնչացնում է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին։ Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում կցուցաբերի, ռացիոնալ քայլեր կձեռնարկի և պատրաստ կլինի կառուցողական երկխոսություն վարել, այն ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության պայմանագրի մասին։

– Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ : Կարծիք կա, որ ուժեղացել է արևմտյան, ամերիկյան ազդեցությունը Հայաստանի քաղաքական էլիտայի վրա, և այս հարցում շատերը առանցքային նշանակութուն են տալիս Սորոսի հիմնադրամին: Ինչպես եք դուք մեկնաբանում այն, որ Ձեզ և վարչապետ Նիկոլ Փաշինյանին համարում են պրոարևմտյան քաղաքական գործիչներ :

– Վերջին շրջանում Հայաստանի վերաբերյալ փորձագետները հաճախ են սխալվում։ Հայաստանը բոլոր ժամանակներում աշխարհաքաղաքական բախումներից դուրս է եղել, մենք մշտապես ջանացել ենք ոչ մի դեպքում չդառնալ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Շատերը սկսել են առավել հաճախ խոսել այն մասին, որ 2018 թվականի հեղափոխության վերաբերյալ գնահատականները խիստ մակերեսային էին, և որ հեղափոխությունը ոչ թե արդյունք էր արտաքին ազդեցության, այլ երկրի ներքին կոռուպցիոն համակարգից բխող հանգամանքների և զարգացումների հետևանք։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երկու նշանակալից իրադարձություն՝ հեղափոխությունը և հետպատերազմյան ներքաղաքաքական զարգացումները, որոնց միջով անցնելիս երկիրը ապավինել է միայն սեփական ներքին ռեսուրսներին։ Սա է Հայաստանի ինքնիշխանության ցուցանիշը: Առաջարկում եմ Ձեզ նայել և համեմատել, թե ինչպես են այլ երկրները հաղթահարում նման գործընթացները։

Մեր քաղաքական ուժը ոչ արևմտամետ է, ոչ էլ արևելամետ։ Մենք հայակենտրոն ուժ ենք և առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով։ Ինչ վերաբերում է «Սորոսին», կցանկանայի նշել, որ նման հայտարարությունները ծիծաղելի աստիճանի սահմանափակ մտածողության արդյունք են։ Սովորաբար, ինձ չեն գրավում կենցաղային մակարդակի հայտարարությունները և առավել ևս, չեմ մեկնաբանում դրանք, սակայն հույս ունեմ մեկընդմիշտ փակել այս թեման. քաղաքականության մեջ կարևորը գործողությունները գնահատելն է, և Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոն-ի (ՌՏՎԿ-ЦАСТ) վերոնշյալ զեկույցը լավագույն կերպով արտացոլում է իրականությունը, քողազերծելով «Սորոսի» թեման, որը թիրախավարված է մարդկանց մոլորության մեջ գցելու և հիմնականում Հայաստանում ու դրա սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքական հակառակորդների պատվերով տարածվող քարոզչական հնարքը:

– Տեսնու՞մ եք արդյոք Հայաստանում նախընտրական և հետընտրական շրջանում ապակայունացման սպառնալիք :
Որքանո՞վ է երկրի պետական համակարգը դիմացկուն հավանական ցնցումներին, և հնարավո՞ր է արդյոք հերթական հեղափոխությունը Հայաստանում:

– Հայաստանի քաղաքական կայունությունը պայմանավորված է ազատ և արդար ընտրություններով և 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կայունթյան մեծ պաշար են ձևավորել։ Հենց սրա շնորհիվ է, որ մեզ հաջողվեց կայունացնել հետպատերազմյան ոչ դյուրին շրջանը կայունացնել և պատրաստվել հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանզի հնարավորություն են տալիս ժողովրդին իր կամարտահայտությունը հայտնել դեմոկրատական մեխանիզմների միջոցով։