Կայացավ Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը:
15 / 05 / 2021
Խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորեց Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:
Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:
Արմեն Գրիգորյանը կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորեց Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար:
Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը շեշտեց, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:
Կողմերը քննարկեցին ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:
Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատեց հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:
Նասրուլլո Մախմուդզոդան կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը՝ պատրաստակամություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:
Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորեցին մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Նկարը՝ ԱԽ գրասենյակի արխիվից