ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
22 / 12 / 2021
Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։
Մահմուդ Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար: Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:
Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը: