Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադին

09 / 08 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադին:
Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը:
Դեսպան Սաջջադը նույնպես խոսեց մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է: Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ: