ԱԽ նիստեր

sessions

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

14 / 08 / 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Զեկույցներով հանդես են եկել Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ ողջունել առկա կառուցողական դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Նշվել է, որ ռազմական ճանապարհով առկա խնդիրների լուծման փորձերը հղի են ողբերգական հետեւանքներով:

Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, իսկ Վրաստանը` բարեկամ երկիր, հետեւաբար, Հայաստանը մեծապես շահագրգռված է խնդրի շուտափույթ խաղաղ կարգավորմամբ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` «մարդասիրական միջանցք» հանդիսանալու պատրաստակամությունը եւ շեշտել, որ մեր երկիրը նաեւ ինքն է պատրաստ կողմերին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու:


Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննության են առնվել ստեղծված իրավիճակում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, անդրադարձ է կատարվել Հայաստան ներկրվող բեռների ամբողջ ծավալով եւ անխափան մատակարարման խնդիրներին, զեկուցվել են տարբեր ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքի մասին, հանձնարարականներ են տրվել ինչպես առկա խնդիրների լուծման արդյունավետության բարձրացման, այնպես էլ երկարաժամկետ ինստիտուցիոնալ միջոցառումների ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված` նախագահը հանձնարարել է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների տարանցիկ ուղեւորությունների համար ժամանակավորապես սահմանել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ: