Հարցազրույցներ

ԱԽ քարտուղարի մամուլի ասուլիսը

26 / 07 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակի «մամուլի ասուլիսների դահլիճում» տեղի ունեցավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես եկավ ելույթով, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Կից ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի´ լրագրողներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և մամլո ասուլիսին մասնակցելու համար:

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբը, հաստատվել են հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Ըստ որոշման` Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քննարկմանը, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնել այդ գործընթացի առաջնորդությունը՝ ձևավորելով մասնագիտական, փորձագիտական, քաղաքացիական, քաղաքական, ակադեմիական հանրության բազմագործառութային քննարկումների անկաշկանդ մթնոլորտ և համագործակցության բաց հարթակ փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում:

Մեր ժամանակներում, ընդհանրապես, շատ է խոսվում ռազմավարությունների կարևորության մասին, հատկապես երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը: Մենք, կարևորելով նման փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը, հսկայածավալ նախապատրաստական աշխատանք ենք կատարել այդ գործընթացն սկսելու համար:

Հաճախ հարց է ծագում, թե ինչ է Ազգային անվտանգության ռազմավարությունը: Դրա պարզ և մատչելի պատասխանն է, որ այն մի փաստաթուղթ է, որում նշված են ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերները և սպառնալիքները, և թե պետությունն ինչպես է պատրաստվում դիմակայել այդ մարտահրավերներին և չեզոքացնել սպառնալիքները: Նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը դառնալու է հիմնարար փաստաթուղթ պետության անվտանգության քաղաքականության մշակման և իրականացման համար:

Նախ կարևորագույն հարցերից մեկի մասին. ինչու՞ ենք որոշել մշակել նոր ռազմավարություն: Պատճառները բազմաթիվ են. գործող ռազմավարությունը ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել:

2007 թվականից ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել, տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը՝ սրելով այդ երկրների միջև հարաբերությունները, Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեզ սահմանակից Իրանի համար առաջադրվել են պատժամիջոցները հաղթահարելու նորանոր խնդիրներ: Մերձավորարևելյան տարածաշրջանին վերաբերող հիմնահարցերը ենթարկվել են էական փոփոխությունների:

Մեզ համար լրջագույն խնդիր է բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած՝ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների կրկնությունը:

2018 թվականին Հայաստանում արձանագրվել են հիմնարար փոփոխություններ. նկատի ունեմ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը:

Մեծ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսական ինտեգրման քաղաքականությունը: Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաև Եվրոմիության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս զարգացումների հետ մեկտեղ կան իրողություններ, որոնք շարունակում են մնալ անփոփոխ: Մասնավորապես՝ Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում են մնալ Արցախյան հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները՝ փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը:

Վերը նշված և թվարկումից դուրս մնացած այլ իրողություններ հաշվի առնելով՝ մենք մշակելու ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որի իրականացման հենասյունն են լինելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որոնց կատարելագործման և մարտունակության բարձրացման համար բազմակողմանի և բազմաշերտ քննարկումներ են ընթանում: Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնելու անվտանգության հայեցակարգը, որն իր մեջ պետք է ներառի նաև կառավարման համակարգի արդյունավետությունը և ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը:

Մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է ոչ միայն անվտանգության կառույցներից և տնտեսության կարողություններից, այլև մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից և երկրի հեղինակությունից: Այս առումով 2018 թվականի հեղափոխությունը որակական մեծ առաջընթաց է բերել Հայաստանին, և անհրաժեշտություն կա այն զարգացնելու և առավել մեծ ջանքեր ներդնելու այս ուղղությամբ: Փափուկ ուժը մեր անվտանգության բաղադրիչն է:
Ազգային անվտանգության նոր ռազմավարությունն իր բնույթով նաև պետք է կարողանա արտացոլել պատմամշակութային այն մտածողությունը, որն ընկած է տվյալ պետության և ժողովրդի անցյալում: Այս առումով մենք հետադարձ հայացք ենք ձգում դեպի մեր անցյալը՝ հասկանալու մեր ռազմավարական մտածողության ակունքները և այն, թե ինչը կարող է օգտակար լինել:

Այո՛, մենք ապրում ենք 21-րդ դարի աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, բայց Հայոց մտքի ակունքներում ամփոփված է ռազմավարական մտածելակերպի, ռազմական արվեստի, պետականության գիտակցության ու բարոյական արժեքների մեծ ժառանգություն, որոնք մեր պատմության վճռորոշ դրվագներում դրսևորվել են հավաքական կամքի և առաջնորդության տեսքով:

Հիշարժան է Արտաշես Առաջինի հզոր և կենսունակ պետականության կերտման ռազմավարական տեսլականը՝ մեկ ընդհանուր պետության գաղափարը, ինչպես նաև ռազմական, տնտեսական և վարչաքաղաքական բարեփոխումների իրականացումը:

Մեր ռազմավարական մտքի ժառանգությունը հազարամյակների ընթացքում կուտակված կենսափորձ է: Հենց այդ կենսափորձն է օգնել փառապանծ հաղթանակներ ապահովել Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Այս հաղթանակները մեր ռազմավարական և ռազմական մտքի փայլուն դրսևորումներից են, որոնք ընկած են 20-րդ դարի Հայոց պետականության ձևավորման հիմքում:

Նույնը կարող ենք արձանագրել Արցախյան պատերազմում տարած հաղթանակի դեպքում: Արցախյան պատերազմում հաղթանակած ռազմավարական միտքը, փառավոր մարտական ուղին և ազատատենչ շունչը ինքնագնահատման ու մտածողության նոր մակարդակ են ապահովել:

Անհերքելի է, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են, և այդ տրամաբանությունը կդրսևորվի Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ: Սփյուռքը դիտարկվում է ոչ միայն որպես հայ ժողովրդի սփռված հատված, այլև իրական ու վստահելի գործընկեր: Միաժամանակ արտերկրում հայապահպանությունը և հայերի անվտանգությունը շարունակում են մնալ Հայաստանի քաղաքականության օրակարգային հարցերից մեկը: Մեր ջանքերն ուղղված են լինելու համահայկական ներուժի բացահայտմանը, համախմբմանն ու արդյունավետ իրացմանը՝ ի շահ հայության կայուն և անվտանգ առաջընթացի:

Անվտանգային միջավայրի հարափոփոխության և սպառնալիքների բազմաբնույթ լինելու պայմաններում ռազմավարական մտածողության մեջ առանցքային կարևորություն ունի դիմակայունության գաղափարի զարգացումը, որն իրենից ենթադրում է ռազմական և ոչ ռազմական բնույթի անվտանգային մարտահրավերներին պատրաստ լինելու, դիմակայելու և անհրաժեշտության պարագայում արագ վերականգնվելու բարձր կարողություն։ Այն պահանջում է և՛ քաղաքացիական, ինստիտուցիոնալ պատրաստվածություն, և՛ ռազմական կարողություն: Դիմակայունության ամրապնդումը հնարավորություն է տալիս վերահսկելու անվտանգային միջավայրի փոփոխման դինամիկան, արդյունավետ կերպով կանխելու շատ մարտահրավերներ, իսկ հարկ եղած պարագայում՝ արագ արձագանքման միջոցներ կիրառելու:

Հաշվի առնելով վերոգրյալ փաստերը՝ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը պետք է արտացոլի մեր երկրի անվտանգային միջավայրը, կանխատեսի այդ միջավայրի քաղաքական զարգացումները և ձևավորի Հայաստանի Հանրապետության նպատակներն ու դրանց հասնելու հիմնական ուղղությունները: Մեզ անհրաժեշտ է ձևավորել մի այնպիսի փաստաթուղթ, որը կլինի ճկուն, կարձանագրի և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին: Ռազմավարությունը դասական իմաստով պետականաշինության ճանապարհային քարտեզն է՝ ուղղված երկրի քաղաքական նպատակներին ու երազանքներին հասնելուն:

Չինացի ստրատեգ Սուն Ցզին ասում էր՝ «Եթե շահ չունես, մի՛ առաջացիր, եթե չես կարող ձեռք բերել, (ապա) զորքը գործողության մեջ մի՛ մտցրու, եթե վտանգ չկա, մի՛ պատերազմիր»: Սրանք դարերի փորձություն անցած մոտեցումներ են, որոնք այսօր էլ արդիական են:

Ընդհանրապես, լավագույն ռազմավարությունները կարողանում են չեզոքացնել հակառակորդի ռազմավարությունը: Դրա համար անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել հակառակորդի մտածողությունն ու գործունեությունը, ինչի ուղղությամբ մենք մեծ աշխատանք ենք կատարում: Այս համատեքստում մենք կարևոր ենք համարում մեր մտքի, կամքի ու քաղաքականության շնորհիվ ճեղքել շրջափակումը:

Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում, վկայակոչելով չինական ռազմական ռազմավարությունը, արձանագրել է. «Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի»: Սա մեր ռազմավարական տեսլականն է:»

Տեսանյութն այստեղ
×