Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանը և Հայաստանը նոր քաղաքական իրողություններում» խորագրով կլոր սեղան քննարկմանը

02 / 02 / 2019

Սույն թվականի Փետրվարի 6-ին ԱԽ քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Լորիս Մելիքով» ֆորումի շրջանակներում «Դիալոգ» ՀԿ-ի և Միջազգային հարաբերությունների Ռուսաստանի խորհրդի (РСМД) կողմից կազմակերպված «Ռուսաստանը և Հայաստանը նոր քաղաքական իրողություններում» խորագրով կլոր սեղան քննարկմանը։ Միջոցառման ընթացքում խոսնակ Քոչինյանը հանդես եկավ ելույթով՝ «Հայաստան և Ռուսաստան, համագործակցության նոր հեռանկարներ» թեմայով։
«Բարև Ձեզ հարգելի մասնակիցներ: Առաջին հերթին թույլ տվեք ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի և անձամբ իմ անունից ողջունել այս միջոցառումը կազմակերպելու գաղափարը և միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին:
Մենք խորապես համոզված ենք, որ այս ձևաչափի միջոցառումները կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների ընդլայնման, խորացման և հետագա զարգացման համար:
Իմ ելույթում կանդրադառնամ քաղաքական նոր համատեքստում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կողմից կիրառվող ռազմավարության որոշ դրույթներին:
Առաջին հերթին հարկ է նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը ուներ բացառապես ներքին քաղաքական համատեքստ: Հանրապետությունում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ոչ միայն չեն փոխել մեր մտածելակերպը կապված անվտանգության ճարտարապետության, աշխարհաքաղաքական իրավիճակի և դրանում մեր ունեցած դերի հետ, այլև շարժիչ ուժ են հանդիսացել այս գաղափարների զարգացման և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) հետագա ինտեգրման ուղղությամբ ջանքերի գործադրման համար: Հայաստանի նոր կառավարությունը տարբեր հարթակներում բազմիցս հաստատել է այս իրողությունները: Մենք հստակ պատկերացնում ենք, որ ձեզ հետ միասին գտնվում ենք անվտանգության նույն գոտում:
Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները ունեն հսկայական ռեսուրս զարգացման, ընդլայնման և խորացման համար: Այս առումով հարկ է ընդգծել, որ մեր հիմնական խնդիրն է ստեղծել այս գործընթացի առաջխաղացման համար բոլոր պայմանները:
Այս համատեքստում ես կցանկանայի մեջբերել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը. «Հայ-ռուսական հարաբերությունները մեծ ապագա ու ներուժ ունեն, քանի որ մենք բոլորից շատ ենք մտահոգված խաղաղություն և կայունություն ապահովել այն տարածաշրջանում, որտեղ դժվար է գերագնահատել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերը»:
Մենք կարծում ենք, որ այս ներուժի հիմքը նաև հանրային դիվանագիտության ոլորտում է: Այս համատեքստում մենք շատ անելիք ունենք, որպեսզի հասնենք երկու երկրների հասարակությունների լիարժեք փոխըմբռնմանը:
Հայաստանում ընտրվել է նոր խորհրդարան և ձևավորվել նոր կառավարություն, և բնական է, որ որոշ ժամանակ, որոշակի դադար է պահանջվել գործընթացները հասկանալու և ծանոթական բնույթի հանդիպումներ կազմակերպելու համար:
Սակայն, ձեզ հետ միասին մենք արդեն արձանագրել ենք մեր համագործակցությունը խորացնելու միտումները: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև առկա համագործակցության մակարդակը կարող է ծառայել որպես վառ օրինակ: Նախորդ տարվա վերջում երկու գերատեսչությունների միջև ստորագրվեց համագործակցության պլան, որը կարևոր դերակատարություն ունի երկկողմ անվտանգության մեխանիզմներում: Մեկ այլ օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ռուսական СУ-30см կործանիչի ձեռքբերումը:
Խոստումնալից է նաև բարձրագույն մակարդակով անցկացվող հանդիպումների թիվը և հարաբերությունների մակարդակը: Լավ կլինի, եթե երկու կողմերը բոլոր մակարդակներում կարողանան պահպանել վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի կողմից գործադրված տեմպը:
Այս համատեքստում մենք անհամբերությամբ սպասում ենք միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության նոր հանձնաժողովների ձևավորմանը և նրանց ակտիվ աշխատանքի մեկնարկին: Մենք վստահ ենք, որ այս կառույցների ակտիվ աշխատանքը կարճ ժամանակահատվածում լավ արդյունքների կհանգեցնի:
Ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգի հիմնական խնդիրը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ողջ ներուժի ամբողջական և բազմակողմանի կիրարկման ձգտումը:
Հարկ է նշել, որ միջազգային հարաբերությունների համակարգը անընդհատ փոփոխվող միտումներ ու մարտահրավերներ ունեցող շարունակական մեխանիզմ է, և այս համատեքստում խնդիրների ճանաչումը դրական քայլ է, ինչը վկայում է, որ գործընթացները շարունակվում և զարգանում են:
Նաև հարկ է նշել, որ Ռուսաստանում աստիճանաբար աճող հավատն առ այն, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունում բացակայում էին գույները, ևս կարևոր հանգամանք է:
Ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունեն, և մենք հույս ունենք այս հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել: Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և նույնիսկ շատ ավելի եղբայրական»:
Ինչպես արդեն նշեցի, միջազգային հարաբերությունների համակարգը շարունակական և շարժվող մեխանիզմ է, և միայն ամենօրյա ու եռանդուն աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք պահպանել, զարգացնել և խորացնել քաղաքական հարաբերությունները, ինչն իր հերթին կամրապնդի մեր երկրների և հասարակությունների միջև եղբայրական և դարեր ի վեր հաստատված հարաբերությունները»: