Մամլո հաղորդագրություններ

Հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԱԳԽ քարտուղարի հետ

18 / 06 / 2019

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայ-Իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում։

Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծեց վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը, նշելով որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ առևտրա-տնտեսական կապերի հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրեց իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացավ փոխադարձ հրավեր։

Անդրադարձ կատարվեց էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորեց Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքեց, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։

Ալի Շամխանին ներկայացրեց ՀՀ Վարչապետի իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։

×
×